Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Քրիստոնեությունը Ա․ մուտք է գործել I դ․, Մարկոս ավետարանչի քարոզչությամբ։ Վերջինս հիմնել է Ա-ի առաքելական աթոռը և ինքն էլ դարձել առաջին եպիսկոպոսը։ Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ Ա-ի եկեղեցին քրիստ․ քարոզության, առաքելության և հավատի ուղղափառության կարևորագույն պատվարներից է եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար։ Ա-ի պատրիարքները, եկեղեց․ հայրերը վճռական դեր են կատարել (մանավանդ՝ II–V դդ․) աստվածաբանության և քրիստոսաբանության բոլոր հիմն․ հարցերում ուղղափառության պաշտպանության գործում և հերետիկոսությունների դեմ Ընդհանրական եկեղեցու մղած պայքարում։ Նրանք և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում համարվել են «պաշտպան ուղղափառ հաւատոյ»։ Այդ ժամանակաշրջանում Ա-ի եկեղեցու բովից հրապարակ են իջել մեծ դավանաբաններ ու ջատագովներ, ինչպիսիք էին Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը, Դիոնիսիոս Ալեքսանդրացին (190–265), Պետրոս (Ա-ի պատրիարք 300–312-ին), Ալեքսանդր (312–328), Թեոփիլոս (385–412) Ալեքսանդրացիները, Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Ալեքսանդրացին, Տիմոթեոս Կուզը և ուր․։

Ա-ի աթոռի հեղինակությունը բարձրացել է քրիստոսաբան․ մեծ վեճերի և երեք տիեզերական ժողովների ժամանակ, երբ հաղթել և ուղղափառ է ճանաչվել Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանությունը։ Ա-ի պատրիարքները հետևողականորեն պայքարել են արիոսականության (Նիկիայի Ա տիեզերական ժողով 325), հոգեմարտների (Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381), նեստորականության (Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431), եվտիքականության դեմ։ Քաղկեդոնի ժողովից հետո Ա-ի աթոռը գլխավորել է հակաքաղկեդոն․ պայքարը, խզել հաղորդությունը բյուզ․ եկեղեցուց և հավատարիմ մնացել երեք տիեզերաժողովների դավանությանն ու արևելաքրիստ․ ավանդությանը։

641-ին, երբ Ա․ գրավել են արաբները, Ա-ի պատրիարքությունը կորցրել է իր երբեմնի փառքն ու նշանակությունը քրիստ․ աշխարհում։ VII դարից Ղպտի ուղղափառ եկեղեցին («ղպտի» անվանումը Եգիպտոս տեղանվան աղճատված ձևն է, արաբներն այդպես կոչել են հին եգիպտացիների հետևորդներին՝ քրիստոնյա եգիպտացիներին, իսկ «ղպտի» անունը տարածվել է նաև Ա-ի եկեղեցու վրա) քաղկեդոնականությունը մերժած դավանակից մյուս եկեղեցիների (այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու) հետ կազմել է Արևելյան ուղղափառ (ոչքաղկեդոնական) եկեղեցիների ընտանիքը։

Ա․ Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ հայտնի է ոչ միայն իր պատրիարքական աթոռով, այլև՝ նշանավոր աստվածաբան․ դպրոցով, որը քրիստ․ աստվածաբան․ առաջին դպրոցն էր։ Գնոստիցիզմի դեմ պայքարի անհրաժեշտությունից ելնելով՝ եկեղեցին մեծ ուշադրություն է դարձրել եկեղեց․ գրականության զարգացմանը, դպրոցներ հիմնելուն, որոնք պետք է համակարգված հերքեին գնոստիկյան ուսմունքները, սուրբգրային քմահաճ մեկնաբանությունները։ Այդպես առաջացավ Ա-ի քրիստ․ աստվածաբան․ մեծ դպրոցը մոտ 180-ին, որի առաջին ուսուցիչն է եղել սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսը (մահ․ մոտ 200-ին)։ Ա-ի դպրոցն առաջինն էր, որ սահմանել է եկեղեց-գիտ․ աստվածաբանության հիմն․ սկզբունքներն ու եղանակները, առաջին քայլը կատարել դասական հին գիտությունն ու փիլիսոփայությունը «եկեղեցականացնելու» գործում, ձգտելով հաշտեցնել «գիտությունը քրիստոնեական հավատքի հետ, հին քաղաքակրթությունը՝ Ավետարանի հետ» (Սագարդա, «Յոյն Արևելքի հին եկեղեցական աստուածաբանական գիտութիւնը», էջ 17–18)։

Եթե եկեղեց․ քաղաքականության մեջ Ա․ մրցակցել է Կ․ Պոլսի աթոռի հետ՝ Արևելքում գերիշխանության հասնելու համար, ապա աստվածաբան․ հարցերում պայքարի ու հակաճառության մեջ է եղել Անտիոքի աստվածաբան․ դպրոցի հետ։ Ա-ի դպրոցի մշակած եկեղեց․ գրականության որոշիչ նկարագիրն է հավատի բովանդակության բնազանցական ուսումնասիրությունը, մեծ հակումը դեպի Պլատոնի և նորպլատոնական փիլիսոփայությունը և Աստվածաշնչի այլաբանական մեկնությունը (տես Մեկնողական գրականություն)՝ ի հակադրություն Անտիոքի դպրոցում գերակշռող Արիստոտելի փիլիսոփայության և Ս․ Գրքի մեկնության պատմաբանասիր․ եղանակի։ Ա-ի և Անտիոքի ուղղությունների միջև պայքարը հող է պատրաստել հաջորդ դարերի դավան․ մեծ վեճերի համար։

Ա-ի աստվածաբան․ դպրոցը, որը հիմնվել է առավելապես քրիստ․ քարոզության նպատակով, ունեցել է կանոնավոր շրջանների բաժանված դասընթացներ, ուսուցման որոշ եղանակ