Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ու ծրագիր թե՛ հեթանոս և թե՛ նորադարձ քրիստոնյա ուսանողների համար։ Հեթանոս ուսանողները մասնակցել են ընդհանուր դասախոսություններին։ Նրանց համար դասավանդվող հիմն․ առարկաներն էին դիալեկտիկան, ֆիզիկան, մաթեմատիկան, երկրաչափությունը, աստղագիտությունը, հուն․ փիլիսոփայությունը և հայեցողական աստվածաբանությունը։ Իսկ բարձրագույն գիտակրոն․ դասախոսություններին մասնակցել են միայն քրիստոնյա ուսանողները, որոնք բացի վերոհիշյալ առարկաներից սովորել են նաև քրիստ․ աստվածաբանություն, Աստվածաշնչի այլաբանական մեկնություն և փիլիսոփայություն։

Ա-ի աստվածաբան․ դպրոցն իր ծաղկման առաջին շրջանն է ապրել III դ․ սկզբին, երբ Պանտենոսի մահից հետո դպրոցը ղեկավարել են Կղեմես Ալեքսանդրացին (200–203) և Որոգինեսը (203–215)։ Սակայն երբ 215-ին Կարակալլա կայսրը գրավել է Ա․, փակել է աստվածաբան․ դպրոցը, հալածել դասախոսներին, Որոգինեսը հեռացել է Պաղեստինյան Կեսարիա և այնտեղ հիմնել նոր դպրոց՝ առաջնորդվելով Ա-ի դպրոցում իր մշակած և հաստատած մանկավարժ․ ավանդույթներով, ուսման նույն ծրագրերով։ Ա-ի դպրոցի երկրորդ շրջանն սկսվել է IV դ․ սկզբից և իր ծաղկման գագաթնակետին հասել եկեղեցու հայրեր, Ա-ի պատրիարքներ Աթանաս և Կյուրեղ Ալեքսանդրացիների օրոք, որոնք նաև դպրոցի ղեկավարն ու ոգին էին։ IV–V դդ․ քրիստոսաբան․ մեծ վեճերի շրջանում Ընդհանրական եկեղեցու պատմությունն ուղեկցվել է Ա-ի և Անտիոքի աստվածաբան․ դպրոցների պայքարով, ու մինչև V դ․ վերջը դավան․ շարժումների մեջ առաջնորդող դերը պատկանել է Ա-ի դպրոցի աստվածաբանությանը։

Ալեքսանդրյան դպրոցի քրիստոսաբանությունը խարսխված է «մի բնութիւն Բանին Աստուծոյ մարդացելոյ» բանաձևի վրա։ Քրիստոսը կատարյալ Աստված է և կատարյալ մարդ։ Աստվածությունը և Մարդեղությունն անփոփոխելի, անշփոթելի և անբաժանելի կերպով միացած են «մի բնության» մեջ։ Այս միությունն էական և բնական միություն է և, միևնույն ժամանակ՝ անճառելի և անհասանելի մտքի համար։ Ալեքսանդրյան ավանդությունը մերժում է ցանկացած բաժանություն և երկվություն Քրիստոսի մեջ։ Մի է Քրիստոս՝ մարմնացյալ Բանը, մի աստվածամարդկային բնություն, մի անձ, մի դեմք, մի կամք, մի ներգործություն։ Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանության ամենանշանավոր ներկայացուցիչը Աթանաս Ալեքսանդրացին է։ Նա քրիստ․ ամբողջ աշխարհայեցողությունը կենտրոնացրել է փրկության գաղափարի մեջ և հաստատել քրիստոնեության էության ըմբռնումը որպես փրկության կրոնի էություն։ Նրա բոլոր ձգտումներն ուղղված էին Փրկչին և փրկությանը, փրկության գաղափարի տեսակետից քրիստոնեության մեջ Քրիստոսի կենտրոնական նշանակությունը ճանաչելուն։ Հիսուս Քրիստոսի անձնավորության մեջ աշխարհ է եկել կատարյալ և ճշմարիտ աստվածությունը։ Փրկության խորհուրդը, որ է՝ Աստվածամարդու միջոցով մարդկության փրկությունը աստվածային կյանքի համար, Աթանաս Մեծը դարձրել է քրիստ․ կրոնի մեծ սկզբունքը, աստվածաբանության ուղղությունը։ Աթանաս Ալեքսանդրացին փրկության գաղափարը խտացրել է «Աստված մարդացավ, որպեսզի մարդ աստվածանա» բանաձևի մեջ, որը և եղել է քրիստոսաբանության արևելաքրիստոնեական ընկալման առանցքը։ Ա-ի դպրոցը շեշտել է Քրիստոսի աստվածությունը, Անտիոքի դպրոցը՝ Քրիստոսի մարդ լինելը։ Քրիստոսի մեջ շեշտելով մարդը («խոստովանեսցուք զոր ի մարդումն Աստուած»)՝ Անտիոքի դպրոցի ներկայացուցիչները գտնում էին, որ Քրիստոսն ամենակալ Աստծուն երկրպագակից մարդ է, ունի երկու բնություն՝ Աստված առանձին, մարդն առանձին, նրանք գոյություն ունեն իրարից անջատ, մեկը՝ ճշմարտապես բնությամբ որդի, իսկ մյուսը շնորհիվ որդեգրության՝ Աստված։ Ա-ի և Անտիոքի դպրոցների աստվածաբան․ համակարգերի, քրիստոսաբան․ խոստովանությունների իրարամերժությունն արտահայտվել է հետևյալ բանաձևով․ «Ինքը Աստվածն է մարդ դարձել», «մարդացյալ Աստված» (Ա-ի դպրոց) և «Մարդ, որն աստվածացել է», «Աստվածազգեստ մարդ» (Անտիոքի դպրոց)։

Ա-ի դպրոցի ինքնուրույն հոսանք է կապադովկյան հայրերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի) աստվածաբանությունը, որը կրում է Աթանաս Ալեքսանդրացու և, հատկապես, Որոգինեսի ազդեցությունը։ Իր առանձնահատկություններով հանդերձ կապադովկյան հայրերի աստվածաբան․ վարդապետությունը ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանության նոր