Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դավանական հարցերի շուրջ։ Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների (տես Քաղկեդոնի ժողով 451) և հակաքաղկեդոնականների, նեստորականների (տես Նեստորականություն) և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև։ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավան․ խնդիրներին։ Չնայած արդեն V դ․ վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները։ Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (VI դ․ վերջ) միջոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանդական Մավրիկիոս կայսրը (591-ից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում։ Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Չնայած Աբրահամ Ա Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ 608-ին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը։ Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «Գիրք թղթոցում» (էջ 146–211) պահպանված՝ Աբրահամ Ա Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն։ Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աբրահամ Ա Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը VI դ․ սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց», Գ թուղթ, էջ 182–183)։ Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի 506-ի Ա ժողովի (տես Դվինի եկեղեցական ժողովներ) ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ։ Ըստ Աբրահամ Ա Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնական խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը։ Աբրահամ Ա Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ Ուխտանես եպիսկոպոս պատմիչը Աբրահամ Ա Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում։ Աբրահամ Ա Աղբաթանեցին գրել է նաև դավանական բնույթի ճառեր։ Կաթողիկոսական գահին Աբրահամ Ա Աղբաթանեցուն հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցին։ Գրկ․ Տեր-Մինասյան Ե․, Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908։ Ակինյան Ն․, Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վնն․, 1910։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959։ Արտաշես Ղազարյան

ԱԲՐԱՀԱՄ Բ ԽՈՇԱԲԵՑԻ, Բաղիշեցի, Մշեցի, Քեղեցի (1677–1734, հանգչում է Վաղարշապատի Ս․ Գայանե վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1730-ից։ Հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցուն։ Աշակերտել է Գրիգոր Շղթայակրին։ 1708-ին՝ Մշո Առաքելոց վանքի առաջնորդ, 1717–30-ին՝ Տարոնի Ս․ Կարապետ վանքի վանահայր։ 1727-ին ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ, որի առթիվ խաչքար է տեղադրվել Ս․ Հակոբյանց վանքում։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդել է տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները, նորոգել մի շարք կառույցներ։ Աբրահամ Բ Խոշաբեցու անունով մեզ են հասել 7 ներբողական ու հոգևոր տաղեր (անտիպ) և կոնդակներ։ Կաթողիկոսական գահին Աբրահամ Բ Խոշաբեցուն հաջորդել է Աբրահամ Գ Կրետացին։