Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 երկնային իրականության հետ,«մըտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուրդ ճանաչողությունը»(Նեղոս Սինայեցի, IV–V դդ․)։ Առանց հավատի Ա․ անուժ է, և միայն հավատից բխող Ա․ է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն։ Գրիգոր Տաթևացին տվել է Ա-ի տասը հիմն․ խորհուրդներ՝ վերցված Ս․ Գրքից և ս․ հայրերից, որտեղ նա Ա-ի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս․ Հոգով, և կարևորել Ա․՝ որպես կատարելության հասնելու միջոց։ Ըստ Գրիգոր Տաթևացու, Ա-ի սրբությունները երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի Ա․ դրանց միջոցով է կատարվում։ Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը․«Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր»(Ա Տիմ․ 2․8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից։ Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից։ Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է։ Ա․ պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ․ մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս․ Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ․ 51․10, Առակ․ 4․23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ)։

Կան անհատ․ և հրապարակային կամ հաս․ Ա-ներ։ Անհատի Ա․ հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու։ Իսկ «հրապարակային կամ հասարակական Ա․ նման է հասարակական պարտքի վճարմանը,․․․ երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք»(Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ․)։ Ըստ բնույթի Ա-ները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավան․, բարեխոսական ևն։ Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խընդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»։ IV դ․ եկեղեց․ հայրերից Հակոբ Մծբնացին հակիրճ տվել է դրանց բնութագրերը․ «խնդրվածքները» այն Ա-ներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններն» ու «գոհությունները» նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում նրան իր բոլոր գործերի համար։ Գրիգոր Տաթևացին, խոսելով Ա-ի տասը խորհուրդների մասին, որպես դրանցից մեկը նշում է գոհությունն ու օրհնությունը Աստծո երախտիքներին, որ արել է մարդկանց համար թե՛ անցյալում, թե՛ ներկայում։

Ա․ մեծ տեղ և խորհրդապաշտ․ նշանակություն ունի ճգնակեցական կյանքում (տես Ճգնավորություն

Համաձայն արևելաքրիստ․ և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքն իր հոգևոր և կրոն․ հասկացությամբ խորհրդապաշտ․ բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (բացի բողոքական եկեղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը։

Գրկ․ Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729։ Նույնի, Ամառան հատոր, ԿՊ, 1741։ Աղոթագիրք, Ե․, 1992։ Աղօթագիրք, Ե․, 2000։

Արտաշես Ղազարյան


ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, Աղջոց Ս․ Ստեփանոս վանք, ՀՀ Արարատի մարզում, Գեղարդավանքից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին։ Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ․ սկզբին՝ որպես կուսանաց վանք, Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում։ Ա․ վ-ի ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ․ և բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, նրանցից հս․ գտնվող բնակելի ու տնտ․ շինություններից։ Գլխ․՝ Ս․ Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր Աբել վարդապետը 1212–17-ին, իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ։ Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից)։ Արմ․ կողմից կից է վանքի գավիթը (1217–34), որի ծածկն իրականացված է եղել երկու զույգ խաչվող կամարներով (պահպանվել են գավթի արլ․ մասի պատերը)։ Ս․ Ստեփանոս եկեղեցուն հս-ից կից է Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանի 1270-ին կառուցած Ս․ Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին՝ խորանի երկու կողմերում ավանդատներով և հվ․ պատին կից սենյակներով։