Ա․ Շ․ նախ կարևորել է եկեղեցու հայրերին, նրանց ուսուցումները, ապա և «բարի փիլիսոփաներին», քանի որ նրանք իրենց ընդունած աստվածության և կենցաղավարության սկզբունքներով հանգունակ են եղել քրիստոնյաներին։ Աստծո և բնության հարաբերության հարցերում առաջնայինը համարել է Աստծուն։ Նա է ստեղծել ամեն ինչ և նա է կառավարում տիեզերքը։ Աշխարհի բոլոր գոյացությունների նախանյութը համարել է Աստծո ստեղծած չորս տարրերը (կրակ, օդ, հող, ջուր)։ Ըստ նրա, այդ տարրերից յուրաքանչյուրն ունի երկու հատկություն․ մեկը հատուկ է տվյալ տարրին, մյուսը՝ իրեն և իրեն զուգակցող (համագոյ) նյութին (օր․՝ օդն ունի ջերմություն և խոնավություն, ջուրը՝ խոնավություն և ցրտություն)։ Աշխարհը, եզրակացրել է նա, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ այս չորս տարրերի խառնուրդից բաղկացած միացություն։ Բացի այս չորս տարրերից նա ընդունել է և հինգերորդի գոյությունը, որը երկնքում է և կոչվում է եթեր։ Ըստ նրա՝ տիեզերքում ամեն ինչ շարժվում է, փոփոխվում։ Բնությանը վերագրելով ստեղծարար մեծ ուժ՝ շարժումն է համարել ստեղծագործ․ ուժի ազդակ։ Մարմնի շարժվելով ու փոփոխվելով բնության մեջ ոչինչ չի կորչում, այլ մի ձև կամ որակ փոխվում է մի այլ ձևի ու որակի։ Հետևելով հերակլիտյան փիլիսոփայությանը՝ ընդունել է հակադրությունների միասնության և բացասման բացասումի օրենքը։ Ամեն մի ծնունդ իր մեջ պարունակում է ոչնչացման սաղմը, ամեն մի ոչնչացում իր հերթին նոր ծննդի սկիզբն է․ այս հատկությունների հիման վրա է երկիրը շարունակում պահել իր հավերժական գոյությունը։ Ա․ Շ-ու համար բնությունը նույնպես այնքան ռեալ է և ստեղծագործող, որքան Աստված։ Ընդունելով, որ երկրի վրա կյանքը (կենդանական աշխարհը) ստեղծել է Աստված, գտնում է, որ կենդանիներից մինչև մարդը, մարդկային ուղեղը ստեղծագործ․ շարժման մեջ գտնվող ռեալ գոյություններ են։ Զգացողության հարցում նա այն կարծիքն է պաշտպանել, որ նախնիների (նկատի ունի անտիկ գիտնականներին) մտածողությունը ավելի զարգացած է եղել, քան իր ժամանակակիցներինը։ Ա․ Շ․ քննադատել է նախապաշարումները, սնոտիապաշտությունը, կախարդությունը։
Ա․ Շ․ հայ իրականության մեջ և ողջ Մերձավոր Արևելքում առաջինն է ամբողջական գծերով ներկայացրել երաժշտ․ հնչականության մասին ալեքսանդրյան գիտնականների առաջավոր ուսմունքը։ Կազմել է ձայնագիտության բացառիկ արժեքավոր ալեքսանդրյան «տասնակարգեան աղիւսակի» հայկ․ տարբերակը, որով մեծապես հարստացրել է հայ երաժշտագիտությունը՝ ձայների, ձայնամիջոցների և ձայնաշարերի կառուցվածքին վերաբերող նոր գաղափարներով։ Հեղինակել է Հինանց ժամանակամիջոցում կատարվող Հարության Աձ-Դկ ութ ծավալուն հարցնակարգերի մեծ մասը, Հոգեգալստյան ու Վարդավառի առաջին օրերի շարականները։ Նա հայտնի է եղել հայ շարականերգության ու Ժամագրքի երգեցողությունների հետ կապված հին ու իր ժամանակի ավանդույթների խոր իմացությամբ, ստեղծագործաբար օգտվել դրանցից և նախանշել զարգացման նոր ուղիներ։
Երկ․ Մնացորդք բանից, ՍՊԲ, 1877։ Յաղագս հարցման և լուծման, ՍՊԲ, 1918։ Տիեզերագիտութիւն և տոմար (աշխատասիր․ Ա․ Աբրահամյանի), Ե․, 1940։ Լուսնի պարբերաշրջանները (աշխատասիր․ Ա․ Աբրահամյանի), Ե․, 1962։ Մատենագրություն (թրգմ․, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Ա․ Աբրահամյանի և Գ․ Պետրոսյանի), Ե․, 1979։Космография, пер. с древнеарм., предисл. и коммент. К. С. Тер-Давтяна и С.С. Аревшатяна, Е., 1962․
Գրկ․ Աբրահամյան Ա․, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Ե․, 1944։ Թահմիզյան Ն․, Մի էջ հայկական վաղ միջնադարյան երաժշտական տեսության, ԲՄ, դ 5, 1960։ Թումանյան Բ․, Հայ աստղագիտության պատմություն, Ե․, 1964։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ 731–774։ Petri W․, Ananiya Schirakazi-ein armenischer Kosmograph des 7 Jahrhunderts, “Zeitschrift der Deutschen MorgenlŠndischen Gesellschaft”, B․ 114, MŸnchen, 1964․
ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀՆԵՑԻ (ծ․ թ․ անհտ – XI դ․ 70-ական թթ․), մատենագիր, մեկնիչ, դավանաբան։ Եղել է Հաղբատ-Սանահնի միաբանության անդամ, աշակերտել Դիոսկորոս Սանահնեցուն։ Ա․ Ս-ու երկերը կարևոր դեր են կատարել հայ աստվածաբան-դավանաբան․ մտքի զարգացման և մեկնողական գրականության մեջ։ Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց հակաճառական-դավանաբան․ աշխատությունը հեղինակը շարադրել է Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ և ավարտել Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսի օրոք։ Դավան․ ամենազանազան խնդիրներին նվիրված այս երկը բաղկացած է 14 ճառից, որոնց խորագրերն