Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Եգիպտացի), սյունակյացներ (տարիներ շարունակ ապրել են սյան վրա՝ Սիմեոն Սյունակյաց), գբնեցիներ (տարիներ շարունակ ապրել են գբի՝ փոսի մեջ՝ Հովհան Գբնեցի)։ III դ․ վերջին անապատ․ կենցաղավարության մեջ աստիճանաբար տիրական դարձած խմբական համակեցությունն անհրաժեշտություն է առաջացրել կանոններ մշակել վանական կյանքի համար, ինչը և իրականացրել է ս․ Պախոմիոսը։ Կանանց վանքերի հիմնադրումը ևս կապվում է ս․ Պախոմիոսի անվան հետ։ Եկեղեց․ պատմագրության մեջ արձանագրվել է Ա-յան երեք տարատեսակ․ առաջինի մեջ մտնում են միայնակյացները կամ ճգնավորները, որոնք, քաշվելով անմարդաբնակ վայրեր, ճգնել են լիակատար մենության մեջ (ս․ Պողոս Թեբայիդացի)։ Երկրորդ խմբին են պատկանում «համայնականները» («կինոբիտներ»)։ Սրանք ապրել են խմբերով և հավասար վայելել աշխատանքի արդյունքը (ս․ Պախոմիոս)։ Երրորդ խմբում են ավելի ուշ հանդես եկած ապստամբները («սարաբիտներ»), որոնք տարբերվել են «համայնականներից» նրանով, որ չեն վարել նստակյաց կյանք, եղել են թափառաշրջիկներ, չեն ենթարկվել ո՛չ պետ․ օրենքներին և ո՛չ էլ եկեղեց․ կանոններին։ Ժամանակի և իրավիճակի թելադրանքով այս անապատականները հանդես են եկել ժողովրդաազատագր․ պայքարով։ Հայտնի է IV դ․ կեսին Պարսից Շապուհ II արքայի դեմ նրանց ծավալած շարժումը։

Ա-յան դրսևորումներ Հայաստանում ի հայտ են եկել դեռևս I և II դդ․, առանձին անհատների և խմբերի ճգնակեց․ գործունեության շնորհիվ (տես Ոսկյանք, Սուքիասյանք)։ Հայ առաջին անապատականներից էր Գրիգոր Ա Լուսավորիչը, որը կյանքի վերջում տրվել է ճգնությունների՝ սուրբ օրինակ հանդիսանալով հետագա հայ անապատականների ու ճգնավորների համար։ Անապատ․ շարժումը IV դ․ սկզբին Եգիպտոսից Պաղեստինի և Ասորիքի վրայով թափանցել է Միջագետք, այստեղից էլ՝ Հայաստան։ Անապատ․ կազմակերպությունների սկզբնավորումը Հայաստանում կապվում է Մար Ավգինի անվան հետ։ Նրա նախաձեռնությամբ Մծբին քաղաքի մոտ կազմակերպված անապատ․ համայնքն իր գործուն մասնակցությունն է բերել նաև հայոց հոգևոր շինությանը (Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն», դպր․ Ե․, գլ․ ԻԵ–ԻԸ)։ Անապատ․ շարժման մեկ այլ ալիք Հայաստան է թափանցել IV դ․ 2-րդ կեսին՝ Փոքր Հայքի վրայով։ Այս շարժումը կապվում է «անապատական կյանքի սկիզբը հայերի, պափլագոնացիների և մերձպոնտյան ժողովուրդների մեջ» հիմնադրած «Սեբաստիայի հայկական եկեղեցու ղեկավար ս․ Եվստաթեոսի» (Սոզոմենուս III, 14, 31) անվան հետ։ Եթե Միջագետքից եկած անապատականների գործունեության կենտրոնը Կորդվաց աշխարհն ու Ռշտունիքն էին, ապա Փոքր Հայքից մուտք գործած անապատականներինը՝ Ծոփքը և Աղձնիքը։ IV դ․ 2-րդ կեսին Ա․ ավելի է տարածվել։ Անապատականներից շատերը մեծ հեղինակություն են վայելել ինչպես Հայոց արքունիքում, այնպես էլ ժողովրդի մեջ (ս․ Անտոն և ս․ Կրոնիդես)։ Ա-յան ազդեցությունն ու հեղինակությունը թուլացնելու նպատակով նորահաստատ եկեղեցին, Գանգրայի եկեղեցաժողովում (361–362) հանդես գալով հօգուտ եկեղեց․ իշխանության, մասնավոր որոշումներով դատապարտել է անապատականների ղեկավար ս․ Եվստաթեոսին, որը կոչ է արել ստրուկներին փախչել իրենց տերերից, կանանց՝ հեռանալ իրենց ընտանիքներից, հրաժարվել ունեցվածքից և միանալ անապատականներին։ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ հիշատակվում են անապատ․ շարժման այնպիսի ղեկավարներ, որպիսիք են ս․ Հակոբ Մծբնացին, Շաղիտան, Գինդը, Դանիել Ասորին և ուր․։

Անապատ․ շարժման ղեկավարներին հավատարիմ աշակերտներն ու հետևորդները շարունակել են ուսուցիչների գործը՝ զբաղվելով քարոզչական գործունեությամբ, դարձի բերելով բազում հեթանոսների։ Այս տեսակետից անապատ․ շարժումն զգալիորեն նպաստել է եկեղեցու գաղափարական նկարագրի հզորացմանը։ IV դ․ 2-րդ կեսին անապատ․ շարժումն այնպիսի ծավալներ է ընդունել, որ Հայ եկեղեցին միջոցներ է ձեռնարկել անապատականների գործունեությունը կանոնակարգելու համար։ 356-ի Աշտիշատի ժողովի (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ) որոշումներից մեկի համաձայն, Ներսես Ա Մեծ կաթողիկոսը կարգադրել է անապատականների համար կառուցել երեք կարգի բնակարան․ առաջին՝ եղբայրանոցներ կամ վանքեր՝ միաբան կրոնավորների համար, երկրորդ՝ միայնարաններ, այսինքն այնպիսի վանքեր, որտեղ թեպետ շատերը բնակվեին, բայց առանձին ճգնեին, և երրորդ՝ բազում խրճիթներ միայնակյացների համար,