Հայ քույրերից շատերը զոհվել են Դեյր էզ Զորի ճանապարհին։ Ողջ մնացածները շարունակել են իրենց առաքելությունը՝ պատսպարելով և խնամելով հարյուրավոր հայ որբերի՝ Կ․ Պոլսում, Հալեպում, Բեյրութում, Հռոմում բացված որբանոցներում։ Ա․ հ․ հ․ ք․ մ-յան Մայրավանքն ու Ընծայարանը 1922-ից փոխադրվել են Հռոմ։ Միաբանությունը, իր շուրջ հարյուր միանձնուհիներով, գործում է սփյուռքի բոլոր մեծ համայնքներում, ունի դպրոցներ, մանկամսուրներ, վարժարաններ, երկսեռ որբանոցներ։ 1965-ից գործում է ԱՄՆ-ում, 1992-ից՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթոլիկներով բնակեցված շրջաններում։ ՀՀ-ում գործում է Ա․ հ․ հ․ ք․ մ-յան մասնաճյուղը՝ «Տիրամայր Հայաստանի Կուսաստան» անունով։ Պատասխանատուն է մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնյանը։ 1998-ի սեպտ․ բացվել է Կուսաստանին կից Գյումրու «Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթական համալիրը», որտեղ ներկայումս (2000) ուսանում են 52 ծնողազուրկ և կարիքավոր երեխաներ, սովորում արհեստներ, պարապում անգլ-ի, համակարգչային և երգի խմբերում։ Շիրակի մարզի Արևիկ, Փանիկ, Լանջիկ գյուղերում, Տաշիրի (Լոռու մարզում) մի քանի դպրոցներում մայրապետները դասավանդում են կրոնի պատմություն, աշակերտուհիներին սովորեցնում կարուձև և ժանյակագործություն։ Շուրջ 600 ծնողազուրկ և կարիքավոր երեխաների համար ամեն տարի Ծաղկաձորում կազմակերպվում է ամառային ճամբար։
Կուսաստանը, նյութ․ աջակցություն ստանալով Պողոսյան եղբայրներից (Շվեյցարիա, Բելգիա), Ջինիշյան Հիշատակի հիմնադրամից, տեր և տիկին Բաղչյաններից (Ֆրանսիա), ԱՄՆ-ի CNEWP կազմակերպությունից, ինչպես նաև այլ անհատ բարերարներից ու հաստատություններից, բազմաթիվ բարեգործ․ և կրթ․ ծրագրեր է իրագործում Հայաստանի և Վրաստանի հայ կաթոլիկներով բնակեցված գյուղերում։
ԱՆԳԼԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1974-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Լոնդոնի Ս․ Սարգիս եկեղեցի։ Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Ներսես արք․ Պոզապալյանը (1974–82)։
Բրիտանահայ համայնքը՝ որպես հոգևոր հովվություն, XIX դ․ վերջից մինչև 1965-ը եղել է Եվրոպայի հայրապետ․ պատվիրակության կազմում (տես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն)։ 1965–74-ին, մնալով հոգևոր հովվություն, եղել է Մայր աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցչություն Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։ Համայնքի առաջին հոգևոր հովիվն է եղել Կարապետ վրդ․ Շահնազարյանցը (1862–1866), որը 1863-ին Մանչեստրում վարձված անգլ․ մատուռում ս․ Զատկի տոնին Պատարագ է մատուցել։ Նրա ջանքերով Մանչեստրում լույս է տեսել Անգլիայում հայերեն առաջին պարբերականը՝ «Երկրագունդը» (1863–64)։ 1900–01-ին հրատարակվել է «Եկեղեցի Հայաստանյայց», 11 համարից հետո՝ «Հայոց եկեղեցի» կրոնաաստվածաբան․ հանդեսը (խմբագիր՝ Թորոս քհն․ Իսահակյան)։ Անգլիայում առաջին հայկ․՝ Ս․ Երրորդություն եկեղեցին կառուցվել է Մանչեստրում, 1870-ին, հոգևոր հովիվ Խորեն վրդ․ Կյուրոյանի ջանքերով։ Եկեղեցին ունի առաջնորդարան, գրադարան, սրահներից մեկը տրամադրվել է Տիկնանց միությանը (հիմն․ 1908) և Հայկական կեդրոնին (հիմն․ 1988)։ Ս․ Երրորդություն եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա վարժարան (1984-ից), որտեղ 130-ից ավելի աշակերտ ստանում է հայեցի դաստիարակություն։ 1975-ից Մանչեստրի Ս․ Երրորդություն եկեղեցին չունի մնայուն հովիվ։ Եկեղեցու հոգևոր կարիքները հոգում է Լոնդոնից հրավիրված այցելու հովիվը։
Լոնդոնի առաջին հայկ․ մատուռը (վարձու) Եսայի վրդ․ Աստվածատրյանի նախաձեռնությամբ բացվել է 1885-ին և գործել մինչև 1901-ը։ 1922-ին Գալուստ Կյուլպենկյանի բարերարությամբ կառուցվել է Ս․ Սարգիս եկեղեցին (օծվել է 1923-ի հունվ․, գտնվում է Լոնդոնի կենտր․ թաղամասերից մեկում՝ Քենսինգթոնում)։ 1975-ից Լոնդոնի հայերի վարձակալած Ս․ Պետրոս եկեղեցին Վաչե Մանուկյանի բարերարությամբ 2000-ին գնվել է և վերանվանվել Ս․ Եղիշե եկեղեցի (օծվել է 2001-ի հունիսի 11-ին՝ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի)։ Կից գործում է կիրակնօրյա դպրոց (1978-ից)։ Ս․ Եղիշե եկեղեցու հովիվն է Ներսես քհն․ Ներսիսյանը (2000-ից)։ 1967–78-ին գործել է Ս․