Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հիսուսն իր համար Ա․ ընտրեց Հայր Աստծո կամքի համաձայն․ նախ, նրանց արդարացրեց իր՝ Հայր Աստծուց ուղարկվածի նկատմամբ հավատքով, այնուհետև փրկագործեց ու մաքրագործեց նրանց․ սովորեցրեց իր երկնային պատվիրանները, պատրաստեց իբրև անոթներ՝ իրենց մեջ կրելու Աստծո Խոսքը․ տվեց նրանց իշխանություն պիղծ դևերի վրա և իր անունով հիվանդություններ բուժելու զորություն (Մատթ․ 10․1)։ Իր մարմնի՝ որպես երկնավոր հացի, և իր արյան՝ որպես երկնավոր գինու բաշխումը կատարեց նրանց մեջ (տես Հաղորդություն), հարություն առնելով՝ նրանց օծեց երկնքում և երկրի վրա մեղքերը կապելու և արձակելու արտոնությամբ՝ նրանց վրա Սուրբ Հոգու փչմամբ (Հովհ․ 20․21–23), ապա, հարությունից հիսուն օր հետո, երբ արդեն համբարձվել էր, նրանց մկրտեց Հորից շնորհված Սուրբ Հոգով ու հրով (տես Հոգեգալուստ), որից հետո միայն զորություն հագնելով, նրանք կարողացան կատարել Հիսուսից տրված առաքելական հանձնարարությունը․ ․․․Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով (Մատթ․ 28․18–19, տես նաև Մարկ․ 16․14–20, Ղուկ․ 24․46–48, Հովհ․ 20․19–23, Գործք 1․6–8)։ Հոգեգալստից ի վեր մարդու եկեղեցագործումը կատարում է աշխարհ առաքված Սուրբ Հոգին։

Հիսուսի ընտրած և նրա հետ շրջող Ա․ տասներկուսն էին։ Նրանք կոչվում են մեծ Ա․։

Պետրոս առաքյալ (հուն․ Պետրոս նշանակում է վեմ), թլփատության անունը՝ Շմավոն, հունացած ձևով՝ Սիմոն կամ Սիմեոն, Հովնանի որդին, Անդրեաս առաքյալի եղբայրը։ Հիսուսը նրան անվանել է Կեփաս (արամեերեն՝ վեմ, ժայռ։ Հովհ․ 1․42)։ Ծնվել է Բեթսայիդայում, ապրել՝ Կափառնայում քաղաքում։ Եղել է ձկնորս։ Քարոզել է Հուդայում, Անտիոքում, Հռոմում։ Նահատակվել է Հռոմում՝ գլխիվայր խաչվելով (ենթադրաբար՝ 64-ին)։ Ավանդության համաձայն՝ Հռոմում է նահատակվել նաև նրա կինը։ Պետրոս առաքյալից ավանդված գրվածքներն են առաջին և երկրորդ Ընդհանրական թղթերը՝ ուղղված հրեական սփյուռքի հավատացյալներին։

Պետրոս առաքյալն ի սկզբանե Հիսուսին ճանաչեց որպես Աստծո Որդի (Մատթ․ 16․15–17, Մարկ․ 8․27–29, Ղուկ․ 9․18–21), Հովհաննես և Հակոբոս Ա-ի հետ շնորհ ունեցավ Հիսուսից՝ ներկա լինելու Հայրոսի աղջկա հարությանը (Մարկ․ 5․35–42, Մատթ․ 9․18–26, Ղուկ․ 8․40–56), Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա (Մատթ․ 17․1–13, Մարկ․ 9․1–7, Ղուկ․ 9․28–36) և Գեթսեմանիի պարտեզում Փրկչի աղոթքին՝ մահվանից առաջ (Մարկ․ 14․32–42, Մատթ․ 26․36–46)։ Թեև երեք անգամ ուրացավ Հիսուսին, ըստ Տիրոջ կանխասացության, բայց վերահաստատվեց առաքելական շնորհի մեջ և հաստատեց իր անունը՝ Վեմ, քանի որ եղավ Երուսաղեմի առաջին քրիստ․ համայնքի, իսկ հետագայում՝ Պողոս առաքյալի հետ՝ Հռոմի եկեղեցու հիմքը։ Նրա գերեզմանի վրա է կառուցվել Հռոմի Ս․ Պետրոս եկեղեցին։

Հայ եկեղեցին Պետրոս առաքյալի հիշատակը տոնում է Պողոս առաքյալի հետ, Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոների շարքում, Գլխավոր առաքյալներ անվան ներքո։

Անդրեաս առաքյալ, Պետրոս առաքյալի եղբայրը, նույնպես՝ ձկնորս։ Սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին, ապա եղբոր հետ առաջինն է հետևել Հիսուսին (Մատթ․ 4․18–22, Մարկ․ 1․16–20, Ղուկ․ 5․1–11)։ Քարոզել է Սկյութիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում (ավանդություն)։ Նահատակվել է (մ․ թ․ անհտ) խաչի մահվամբ (ըստ որոշ աղբյուրների՝ Հունաստանում)․ ըստ ավանդության՝ նրան խաչել են լատ․ X տառի ձևով, որը հայտնի է Անդրեաս սրբի խաչ անունով։

Հայ եկեղեցին Անդրեասին հիշատակում է Փիլիպպոս առաքյալի հետ, ս․ Խաչվերացի

9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։

Հովհաննես առաքյալ եվ ավետարանիչ, Ա-ից ամենակրտսերն է։ Նրան և եղբորը՝ Հակոբոս առաքյալին, Հիսուսն անվանել է Բաներեգես՝ Որոտման որդիներ (Մարկ․ 3․13–19)։ Որդիներն էին Զեբեդեոսի և Սալոմեի (Սողոմեի)։ Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում։ Եղել է ձկնորս։ Հովհաննեսը գործունեություն է ծավալել Փոքր Ասիայի եկեղեցիներում և Եփեսոսում։ 95-ին աքսորվել է Պատմոս կղզի, այստեղ ունեցել Հայտնության մեջ նկարագրած տեսիլները։ Ըստ ավանդության՝ աքսորից վերադարձել է և վախճանվել բնական մահով՝ 94 կամ 95 տարեկան հասակում, մոտ 100-ին։ Ասվում է, որ նա, արդեն ալեհեր, շարունակ հորդորել է․ Զավակնե՛րս, սիրեցե՛ք միմյանց։ Հեղինակն է Ավետարաններից մեկի, երեք Ընդհանրական