Էջ:A story of a generation.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քույրերի՝ Նավատի, Ասմարի հետ, ինչպես նշեցինք վերեւում, հաստատվել էին Ապարանի շրջանի Քորբուլախ գյուղում։

Ափի հայր Քյալաշը մի օր գնում է գյուղում տեղակայված թուրքական բանակի շտաբը եւ խնդրում, որ ֆիզիկապես հաշվեհարդար չտեսնեն եզդիների հետ։ Թուրք հրամանատարը նրան առերեւույթ խոստումներ է տալիս, հանգստացնում եւ ետ ճանապարհում, ընթացքի ժամանակ իր ասկյարին աչքով անելով, թե՝ խփիր։ Որոտում է հրազենը։ Քյալաշը գոռում է եւ տապալվում գետին։ Նրա դին կարողանում են մի կերպ քարշ տալով տուն հասցնել շրջապատում խաղացող երեխաները։ Քյալաշը զոհվեց հանուն եզդիների ազատության ու երջանկության։ Լաց ու կոծով նրան հուղարկավորում են համագյուղացիները։ Այս դեպքին ականատես է եղել Ասադե Բըրոն։

Հաջորդ օրը թուրքական ասկյարները մտնում են Քորբուլախ, տղամարդկանց սպանում են, կանանց բռնաբարում՝ Աթարե Լալի աչքի առաջ, որն այլեւս չկարողանալով դիտել այդ սարսափելի տեսարանն ու կանանց պատվազրկելը, իր մոտ եղած կարճափող հրազենով ինքնասպան է լինում։