Էջ:Among the Ruins.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նազլու էր զավակս
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…

Ասդին ավերակի պատի մը կռթնած նշմարեցինք դողդոջուն ծերունի մը, որ արձագանքի պես կպատասխաներ այս ամեն կողմե եկող ողբագին երգերուն.

-Օ՜ֆ… օ՜ֆ… օ՜ֆ…:

Երբ ավերակներու շրջանն ըրինք, գրեթե այլևս մինակ մնացած էինք. անկարելի եղած էր կիները քաշել հանել իրենց սիրելիներուն հողակույտերեն…: Նույն միջոցին մեր մոտը եկավ հաճնցի ուսուցիչը և առաջարկեց երթալ այրած եկեղեցիին տեղին վրա: Միթե այլևս ուժ մնացա՞ծ էր մեր մեջ, զգալու և տառապելու, ի՞նչ նոր բան, ի՞նչ դժխեմ պատկեր կսպասեր մեզի, անսահման հոգնությունով մը ջլատված կզգայինք ինքզինքնիս ու կարծես կտենչայինք հավերժապես քնանալ մեր վշտին մեջ:

Անցանք դարձյալ պարտեզներե ու տեսանք ուրիշ անտեր մնացած ավերակներ ու հողակույտեր: Արևը մարը մտնալու մոտ էր և ամեն բան մեր շուրջը վարդագույն երանգ մը ստացած: Իրիկվան գաղջ հովը կերգեր սաղարթագեղ ծառերուն մեջեն ու կառչելու ճյուղ փնտրող պատատուկ բույսեր կտարուբերեին միջոցին մեջ: Տեղ-տեղ այրված, արմատախիլ բուսականություն մը. ավերումը տարածվել էր մինչև հոն: Բայց մայր բնությունը կարծես շտապող եռանդով մը կծածկեր կոխոտված հողն ու շատ մը խանձած ծառի կոճղեր ծիլեր կարձակեին:

Վերջապես հասանք եկեղեցի. չորս խանձած պատեր և ճերմակ մոխիրով ծածկված գետին մը: Հոդ ապաստանող դժբախտներն ամենքն այրած էին և գետինը, բառական իմաստով, ծածկված էր մարդկային այրած ոսկորներու մանր մասնիկներով…: Արևուն տակ ճերմակ էին անոնք սադափի տժգունթյամբ և պատերու շուքին տակ մանիշակագույն երանգ մը ունեին… ու տեղացիները կպատմեին, որ մութ գիշերներու մեջ փոսփորային լույս մը ցայտելով այդ մասնիկներեն կպտուտքեր գետնին վրա: Ցուրտ սարսուռով մը դողդողացինք: Եվ գետին ծռելով ափ մը առի այդ սրբազան մասունքներեն. ափ մը աճյո՜ւն… ճերմակ, մանրիկ