Էջ:Among the Ruins.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձնատուր ըլլալով, ու մեր վրա պարտք դրավ այդ ուղղությամբ խոսելու ապաստանող ընկերներու:

Մտքերնիս դեդևած, խղճերնիս տանջված, բարձրցանք սանդուղքներեն վեր: Դեռ Պոլիս եղած ատեննիս լսել էինք իրենց մասին, և յուրաքանչյուրին անունները ու վարմունքները ծանոթ էին մեզի…:Ի՞նչ անձկալի անհամբերությամբ սպասեր էինք իրենց նամակին, որ եկած էր վերջապես ճշգրիտ տեղեկությունները հաղորդելով պատահած ահռելի դեպքերի մասին:

Սանդուղներեն բարձրանացած ատեննիս՝ իրարու հետ չէինք խոսեր, ու չէինք բանակցեր ու չէինք գիտեր, թե ի՞նչ խոստում կտանեինք օրերե ի վեր մեր այցելության սպասող ընկերներուս: Ինչպես ահաբեկած տեղացիներու մտքին մեջ, այնպես նաև իմ մտքիս մեջ կանգուն և բարձր կպատկերանար մղձավանջային պատկերը… կախաղանները: Ու բոլոր այն երկար միջոցին, որ առիթ ունեցանք զիրենք տեսնելու, նախ հյուպատոսարանի մեջ, հետո բանտը, անձկալի և հուսալի օրերու մեջ հավասարապես, իրենց և իմ մեջս անդադար ունեի այդ դժոխային պատկերը և անոր ընդմեջեն կտեսնեի իրենց յուրաքանչյուրին դեմքերը:

Ջղուտ և անհամբեր շարժումներով սեղմեցին մեր ձեռքերը ու նստեցան:

Ապաստանողներուն երկուքն ամուսնացած էին ու իրենց կիները և տղաքն իրենց հետ էին. հոն էին անոնք, որ ծառացան թշնամիին նենգավոր դավադրության դեմ. անոնք, որ չընկրկեցան՝ անհավասար պայքարեն ու կուրծք տվին… իրենց մեջ էր իր եղբորը հետ Տիգրան Պզտիկյանը, որ անհավատալի քաջությամբ մարտնչած էր անթիվ ոճրագործներու դեմ, անգիտակից վտանգին՝ իր երիտասարդ և վեհանձն կյանքը տրամադրած էր փրկելու համար քաղաքը բոլոր անոնց հետ՝ որոնց մեկ մասը նահատակված, իսկ մյուս մասը բանտարկված էր իբրև վտանգավոր մարդասպաններ: Վիրավորված թևը կուրծքին կռթնցուցած, ծալլապատիկ նստած էր մեր դեմ: Իր նայվածքին քաղցրությունը, իր համեստ լռությունը, իր գրեթե խուսափող խոնարհությունը՝ ապշություն կպատճառեր մեզի: Երբ ոտքի կելլեր, էնթարիին լայն ծալքերուն մեջ կբարձրնար պարթև հասակը.