Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թամրազն ու Լավասափը այս լսեցին ու նրանք նաև, որ նրանց հետ էին, ապշեցին ու հիմարացան ու ոչինչ չկարողացան անել, ոչ ունեցվածք կամ ապրանք բառնալ, բացարձակ ոչինչ։ Միայն յուրաքանչյուր մեկը, հետը առնելով իր ընտանիքը և մոտիկ սիրելիներին` հազիվ մեկական ձիեր հեծած, շուտափույթ տագնապով շտապ փախան, հեռացան որպեսզի չընկնեն պարսիկների ձեռքը։

Արդ՝ այս պատճառով Թամրազն ու Լավասափը այստեղից փախչելով իրենց գցեցին Թիֆլիս և այնտեղից՝ Գորի, բայց այնտեղ էլ չկարողացան մնալ, այլ Կոլբայի ճանապարհով անցան Կովկաս լեռը, որը Յաշբուզ լեռն է, և գնացին Պաշիաչուխի երկիրը, Իմերեթիա, որովհետև Լավասափի մայրը Պաշիաչուխի թագավորի դուստրն էր։ Այս պատճառով Թամրազն ու իր կինը, Լավասափն ու իր մայրը և սրանց այլ ընտանիքներ փախան Պաշիչուխ, ազատվեցին պարսիկների ձեռքից։

Եվ պարսից այն զորքերը, որ մյուս կողմից եկան մտան Թամրազի երկիրը, հասան մինչև ձորաբերանը, որ վրացիք փակել էին, քանդեցին կապանը, բացին լայն ու ընդարձակ ճանապարհ, որով պարսից բանակը եկավ մտավ Թամրազի երկիրը։ Այնտեղ բանակեցին ու մնացին մինչև հիսուն օր։ Եվ այսքան օր, որ մնացին այնտեղ, թե ինչ արին, բերանը չի կարող խոսել և ոչ էլ լեզուն ասել, դու մտքով խորհիր ու վերահասու եղիր, թե քրիստոնյաների ինչքան անմեղ անձանց սրախողխող անելով վիրավորեցին կամ թե բոլորովին սպանեցին, անմեղներին գերեցին ու խայտառակեցին, ինչքերն ու ունեցվածքները հափշտակեցին, շինվածքները հրդեհելով այրեցին կամ քանդեցին, եկեղեցիները ավերեցին, սուրբ սեղանը և սուրբ խաչի նշանը կործանեցին։ Եվ գերվածներին պահում էին բանակի մեջ, իրենց մոտ և զանազան տառապանքներով տանջում՝ ցրտով ու մերկությամբ, քաղցով ու ծարավով և բազմազան այլ ձևերով։

Եվ երբ Շահ-Աբասը մտավ Կախեթի երկիրը և տեսավ, որ Թամրազն ու Լավասափը փախել են, ժողովուրդն ու երկիրը մնացին իր ձեռքում, այն ժամանակի չարիքների մտահաղացումների մեջ հանճարեղը և աշխարհավերը հնարները ստեղծեց, քանզի հրամայեց, որ մունետիկներ շրջեն Կախեթի