Էջ:Arakel of Tabriz, History.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսքան ջանք է գործադրում, որ ինձ սպանի, ես ի՞նչ հույսով համարձակվեմ նրա մոտ գնալ»։ Եվ այն բոլորը, որ տեսան այս գործը և լսեցին Թամրազին, արդարացրին նրա խոսքերը։ Եվ Թամրազը այն խղճալի մարդուն չսպանեց, այլ ազատեց, որ գնա իր ճանապարհով։ Իսկ ինքը չվստահեց մնալ Պաշիաչուխում, գուցե շահը նրա համար ուրիշ որոգայթներ հնարի, այլ ելավ այնտեղից, գնաց Դադիանի երկիրը և (ավելի) հեռացավ շահից։

Արդ՝ այն բոլոր չարահնար գործերի որպիսությունը, որ շահը կատարեց վրաց երկրի նկատմամբ, մենք ի վիճակի չենք գրել, որովհետև խոսքի սահմաններից շատ վեր է։ Քանզի մի ամբողջ տարի նա իր ողջ պարսից բանակով մնաց այնտեղ վրաց երկրում և մի տարի հետո մտածեց դուրս գալ վրաց երկրից և գնալ պարսից աշխարհը։

Բայց շահը վարանքի ու խռովքի մեջ էր, թե ինչպես կարողանա կորցնել Լավասափին։ Սրա համար նա առաջարկեց իր նախարարներին Լավասափին ասել, թե որովհետև բարով ու աստծու հաջողությամբ դու եկար շահին տեսության, և ձեր միջև եղավ սեր ու միաբանություն, արդ՝ դաշինքի սիրո և ուխտի հաստատութան համար նաև վայել է ու պատշաճ, որ դու նրա հետ գնաս երեք-չորս օրվա ճանապարհ, ինչպես ուղեկից մինչև քո երկրի սահմանները, ապա դառնաս քո աթոռը, որովհետև շահը ելնում, գնում է քո երկրից, (այդպես) հարմար է։ Այսպիսի խոսքեր շահը ինքն էլ ասաց Լավասափին զրույցի ընթացքում։ Եվ Լավասափը քանզի իր սրտում կեղծավոր խորամանկություն չուներ, որպես հատուկ է քրիստոնյաներին, բարեհաճեց անել նրանց ասածը։

Երբ շահը Թիֆլիս քաղաքից շարժվեց, իր հետ վերցրեց նաև Լավասափին համաձայն յուր նախապես նշանակված պայմանի։

Երբ երեք-չորս օրվա ճանապարհ գնացին, նոր մի բան էլ շահը առաջարկեց իր նախարարներին, որ Լավասափին ասեն։ «Որովհետև այսքան օրվա ճանապարհ եկար, շատ լավ արիր, արդ՝ խնդրում ենք, որ քեզ դժվար չթվա, որ առաջանաս, գաս մինչև Գանձակ քաղաքը։ Շահը մտադրվել է այնտեղ՝ Գանձակում կանչել իր առջև այս կողմերի բոլոր իշխաններին՝ Շամախու, Երևանի և ամենքին կամենում է նշանակել, որ