Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մելիքներն էլ իրենց ժողովրդի հետ առան թագավորական դրամը։ Ղարաբաշ մելիքի ժողովուրդը առավ երեք հարյուր թուման, Ղրխյալան մելիքի ժողովուրդը՝ հարյուր թուման, և այդ համարեցին իրենց համար բարու ինչ-որ լավ գյուտ։

Այն տարին, երբ շահը այս դրամը տվեց հայ ժողովրդին, մեր թվականության 1057 (1608) տարին էր․ հասան մինչև 1062 [1613] թվականը և այդ ժամանակ շահը, որ անմոռաց իր մտքում պահում է չարիքների հիշատակը, հիշեց այդ և տված դրամի հարցը բարձրացրեց։ Իսկ գանձ առնող եզանման մարդիկ ոչ միայն չշահեցին, այլև դրամագլուխն էլ կորցրին և ոմանք չքավորությունից, ոմանք անխելքությունից, ոմանք քաղաքի առևտրի անտեղյակությունից, դրամը կերան, վատնեցին, ցնցխեցին և թագավորի տված դրամը կորցրին։

Ուղուրլու բեկին, որ ժողովրդի վերակացուն էր, շահը դարձյալ նշանակեց նրանց վրա, որպեսզի թագավորական դրամը առնի ժողովրդից, հանձնի թագավորի գանձարանին։ Սա զորականններով եկավ նստեց ժողովրդի շնչի վրա և ճշտիվ պահանջում էր դրամը, իսկ ժողովուրդը եղած բանն էր պատասխանում, թե չունենք, որովհետև չքավոր ու աղքատ էինք և սովի հարկադրանքից բոլորը կերանք, վատնեցինք։

Եվ վերակացու իշխանը իր զորականներով մշտապես հարկադրում էին ու չարչարում ժողովրդին, կախում էին, ծեծում, բանտարկում, բայց ժողովուրդը մեծ նեղության մեջ էր և թեպետ ոչինչ չունեին, իսկ ինչ էլ որ ունեին, այն էլ զինվորների ծախսերի համար վատնեցին, որովհետև մի մասը ծածուկ կաշառք էին տալիս, մի մասը բացահայտ տալիս էին ժամանակամիջոցի համար, մի մասն էլ զինվորների ու սրանց ձիանքի կերի համար, նաև ուրիշ պատճառով վատնեցին, սպառեցին և եղան բացարձակ աղքատ ու չքավոր։

Իսկ երբ Ուղուրլու բեկը տեսավ, թե հայերից ոչինչ չի կարող առնել, թագավորին հայտնեց ժողովրդի չքավորության մասին, այդ պատճառով շահը հրամայեց հայերին իր առջև կանչել, խոսեց նրանց հետ և ասաց. «Դուք չհամարեք և ինձ ամբաստանեք, թե ես թագավորական բռնությամբ և իշխանությամբ եմ ձեզնից դրամը պահանջում և առնում, այլ խոսում եմ դատաստանով ու իրավունքով, որովհետև այդ