Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ առավոտվա լուսանալու հետ շեշտակի ձիընթաց արշավումով զինվորներն ու զորականները իբրև չար գազաններ եկան, շրջապատեցին տեր Բաղդասարին, դուրս քաշեցին, գցեցին ձիերի առջև և ձիերի ընթացքով քշում էին, որ շուտ հասնեն թագավորի դիվանը։ Երբ հասան թագավորի պալատին, նրան շրջապատեցին մարդադեմ գազանները, կրճտացնում էին ատամները ու ամբարտական խոսքերով ջանում ատամներով քրքրել նրա մարմինը։

Երբ թագավորը ատյան նստեց, տեր Բաղդասարին տարան առջև. արքան նրա հետ խոսեց նրա քրիստոնեական հավատքից դառնալու մասին՝ ասելով, եթե համառես ու չհամաձայնես, շների ու առյուծների կերակուր կդառնաս, որ և նրանց վախեցնելու համար գազանները պատրաստ պահում էին այնտեղ։

Եվ մեր տեր Հիսուս Քրիստոսի խոսքը այստեղ հաստատորեն կատարված երևաց, որ ասաց. «Երբ ձեզ տանեն դատավորների ու թագավորների առջև, մի մտահոգվեք և մի մտածեք, թե ինչ պետք է դուք խոսեք, որովհետև այն ժամին ձեզ կտրվի խոսք ու իմաստություն, թե ինչ պետք է խոսել, քանզի ոչ թե դուք եք խոսում, այլ ձեր հոր հոգին է խոսելու ձեր մեջ»[1]։ Սրանով Բաղդասար քահանան պատասխանեց ու ասաց. «Եթե ասես ինձ, որ ես իմ կամքով ետ կկանգնեմ իմ հավատից, ես իմ կամքով չեմ դառնա, իսկ եթե բռնի դարձնես, այդպես չի հրամայել քեզ քո օրենսդիրը: Եթե քո պարտքի համար ասես ու խնդրես, շատը տվել ենք, իսկ մնացել է այն էլ այսօր ու վաղը կվճարենք»։ Ինչպես որ սառը ջուրը լցնում ես եռացող կաթսայի մեջ, նույն պահին նստեցնում է նրա փրփրալից եռը, այդպես տեր Բաղդասարի խոսքերը իջեցրին թագավորի բարկությունը. այդ պատճառով այլևս ոչինչ չասաց արքան, բայց միայն այս, թե գնա քո մնացած պարտքը տուր։

Արդ՝ տերը Քրիստոսն էր, որ ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքվել են ինձ համար, ես այնտեղ նրանց մեջ

  1. Մատթ. Ժ 10: