Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնի, պահողի գլուխը դառնում է թագավորական, իսկ ողջ հարստությունը և ընտանիքը՝ մատնացույց անողին։ Զորականները այս հրամանը առնելով գնացին շրջեցին երկու գավառներում, գրքերն ու եկեղեցական անոթները՝ ինչ որ գտան, բռնի հափշտակեցին քրիստոնյաներից, առան բերին Սպահան քաղաքը, հայտնեցին շահին, և շահը կարգադրեց՝ բոլորը պահել:

Սրանից հետո շահը պարսից ազգից շատ մոլլաներ ուղարկեց Փարիա ու Բուրվարի, որպեսզի այնտեղ մնան և հայերին Մահմեդի կրոնը սովորեցնեն, ամեն օր հավաքեն մզկիթում աղոթելու, իսկ քրիստոնյաների երեխաներին պարսկերեն կարդացնեն։ Մոլլաները եկան ցրվեցին գավառների գյուղերում՝ որտեղ երկու, որտեղ երեք, և բռնանում էին քրիստոնյաների վրա, որպեսզի մզկիթ գան, հաղորդակցվեն մոլար առաջնորդ Մահմեդի կրոնին։ Իսկ քրիստոնյաների համար դժվար էր այդ, ուստի չէին հնազանդվում, այլ դիմագրավելով՝ բանավիճում էին. և օրավուր խոսքակռվի մեջ առաջ գնացին այնքան, մինչև որ մոլլաներից երեք–չորսին սպանեցին։ Այլ մոլլաներ այս տեսնելով՝ վախեցան սպանությունից, և բոլորը փախան գնացին իրենց տեղերը։ Խեղճ քրիստոնյաները երկու տարի մնացին պարսիկների ձեռքը հալածանքի ու չարչարանքի մեջ։

Ապա Գրիգոր անունով քրիստոնյա մի մարդ, որ առաջ Վայոց ձորից էր, որին Եղեգնաձոր են կոչում, Արփա [Արենի] գյուղից, այժմ Փարիա գավառում լինելով՝ բնակվում էր Ներքին Խոյիկան կոչված գյուղում. սա մարմնով պարթևահասակ էր ու հաղթանդամ, սրտով քաջ, խոսքով ու խելքով խելոք և Քրիստոսի հավատով ու սիրով հաստատուն ու ջերմ։ Այս Գրիգորը ելավ շրջեց գավառի գյուղերը, քաջալերեց ու հորդորեց ամբողջ ժողովրդին, դարձավ նրանց համար ղեկավար ու առաջնորդ, իր հետ առավ յոթ մարդ, եկավ Սպահան քաղաքը, գնաց, փոխարնաբար շատ դրամ ճարեց, բերեց տվեց շահի իշխաններին իբրև կաշառք և բոլորին համոզեց, որ պատեհ ժամին թագավորի առջև իրենց մասին լավ խոսեն։

Ապա ինքը աղերսագիր գրեց ու հանձնեց թագավորին ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ հինգ-վեց անգամ։ Թագավորի դիվանում ու ատյանում այնքան խոսեց, մինչև որ թագավորը