և այլ իշխանների կարիքների հոգսը․ շահը խոսեց նրանց հետ ու ասաց․ «Միայն ես, ձիս ու առաջընթացս ենք, շատ չենք, որ ծանր թվանք ձեզ, ձեզնից խնդրում եմ ի սեր շահի մեզ տեղ տաք այս գիշեր»։ Իսկ գյուղի մարդիկ նրա խոսքը բանի տեղ չդրին, քանզի ողջ էութամբ թագավորի կարիքներով էին զբաղված։
Ապա մի կին՝ տարեց պառավ, որ նույն գյուղից էր, շահին ասաց. «Եկ, որդյակ, եկ գնանք մեր տունը, եղիր մեզ հյուր։ Եվ կինը շահին առավ տարավ իր տունը։ Շահը այնտեղ մնաց մինչև երեկո։ Պառավի ողջ ընտանիքը մեռել էին, ուներ միայն մի որդի, որի անունն էր Լալա, սա էլ իրենց խիստ աղքատ լինելու պաաճառով գյուղի նախրորդ էր դարձել։ Երեկոյան գալիս Լալան նախիրը բերեց, լցրեց գյուղը և ըստ իր սովորության սկսեց գյուղի տներից յուրաքանչյուրից մի-մի հաց հավաքել։ Հավաքեց տասնհինգ հաց, որ բռնել էր իր բազուկների վրա, և բերեց իրենց տուն։ Եվ երբ տեսավ, թե տանը հյուր կա, բոլոր հացերը բերեց դրեց հյուրի առջև, որ շահը ինքն էր։ Իսկ պառավը բացեց թոնիրը, հանեց պուտուկով եփված կորկոտ ապուրը, որը ոմանք վռոշ են կոչում․ շահը այն հացով կերավ այդ կերակուրը և խոսեց ու շատ բան հարցուփորձեց նրանց հետ։ Ուշ երեկոյան, երբ գիշեր եղավ, ելավ գնաց իր տեղը։
Շահը այնտեղից շարժվեց գնաց հասավ Ֆահրապատ և երբ Ֆահրապատից վերադարձավ և վերստին հասավ նույն գյուղը, իրեն այլակերպեց և գյուղացիներից իջևան խնդրեց, բայց չտվին։ Իսկ միևնույն պառավը կրկին եկավ նրա առջևը և ասաց. «Որդյակ, դու մեր ծանոթն ես և հյուրը, եկ նաև հիմա գնանք մեր տուն»։ Եվ շահը գնաց պառավի տունը, իսկ պառավը կերակրեց նրան ըստ այն օրինակի, որ նախապես պատմեցինք։ Շահը մնաց այնտեղ մինչև երեկո․ շատ բան, ինչ որ մտքում ուներ, հարցրեց նրանցից։
Ապա շահը նրանց ասաց. «Մի բան եմ կամենում հարցնել ձեզ, եթե շահին սիրում եք, ստույգ ասացեք ինձ. ահավասիկ այս տունը, որի մեջ մենք նստած ենք, սա և սրա շուրջ գտնվող մյուս սենյակները լայն, ընդարձակ ու մեծաշուք են երևում․ ինչպես սենյակներն են երևում, այնպես էլ ձեր խոսքը ու շարժմունքը մեծատան խոսք ու շարժմունք են, բայց