Էջ:Arakel of Tabriz, History.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր մոտ բերելու պառավին ու նրա որդուն՝ Լալային։ Իշխանը գնաց, արեց ըստ շահի հրամանի. գյուղի մարդկանցից երեքին սպանեց, Լալային ու մորը առավ բերեց շահի մոտ։ Իսկ շահը Լալային փառք ու պատիվ և կառավարական իշխանություն տվեց, նշանակեց իր պալատում մեծապատիվ ու հավատարիմ նախարար, որ այդ օրից հետո կոչվեց Լալաբեկ։ Սրանից հետո սրա որդիքն էլ հավատարիմ ու նախապատիվ էին պարսից թագավորների պալատում, սրա որդիներից մեկին, որի անունն էր Մահմադղուլի բեկ, թագավորը խանության իշխանություն տվեց, որ կոչվեց Մահմադղուլի խան, և ուղարկեց Երևան քաղաքը։ Սա գալով [Երևան], որոշ տարիներ իշխեց երկրի վրա։

Այս Լալաբեկի մասին մի զրույց է պատմվում, թե Շահ–Աբասի առաջակացներից ոմանք նախանձելով՝ Լալաբեկի վերաբերյալ շահի առջև չարախոսեցին, իսկ շահը կամեցավ խլել նրա ունեցվածքը և իջեցնել հետին աղքատության։ Շահը ինքը եկավ Լալաբեկի տուն և սկսեց բոլոր գույքերը գրի առնել ու գրավել իրեն։ Գրելիս տեսան մի սնդուկ ոսկե փականքը վրան դրված, փակված։ Նրան ասացին՝ բաց, իսկ Լալաբեկը չբացեց, այլ շահին ասաց. «Այդ ամենը որ գրի առար և տակավին գրելու ես, ամենը բովանդակ քեզ են պատկանում, իմը չեն․ այս է միայն իմը, քանզի իմ հայրենի տանից այս եմ բերել։ Արդ՝ խնդրում եմ, երբ քոնը կառնես, իմը ինձ շնորհես»։ Ապա հարկադրելով սնդուկը բանալ տվին և տեսան, որ ոչինչ չկա նրա մեջ, բացի միայն մի զույգ մաշված ու չորացած տրեխից, որ չարուխն է, և հնոտի ու պատառոտված գուլպաներից։ Ամենքը ի տես սրանց զարմացած մնացին, դրա համար հարցրին, թե ի՞նչ բան է այս։ Լալաբեկը ասաց. «Այս այն տրեխն է, որ իմ հայրենի տանը հագնում էի և արդ՝ դրել եմ այստեղ ու միշտ գալիս նայում եմ, հիշում ու [ինձ] ասում․ դու այն ես, որ միայն այս ունեիր, շահը քեզ այդպիսի աղքատությունից բերեց այսքան մեծության հասցրեց, զգույշ կաց, միգուցե քո սրտում նենգություն գտնվի շահի վերաբերյալ և նրա մասին այլ չարախոսների հետ մի եղիր համաձայն, մի մոռանար նրա երախտիքը, որ այս ամենը չմնա կոկորդումդ, աստծու և մարդկանց