Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին սերնդեսերունդ, թե այնտեղ են գտնվում սուրբ ավետարանիչ Մաթևոսի ու Անդրե առաքյալի գերեզմանները, բայց տեղը բնավ չէին իմանում։ Երբ հայրերը գնացին վանք և բեմի ներքևը ինչ-որ տեղ, որ դիրքը մատնանշում էր, վարեցին, ահա տեսան՝ բացվեց ու երևաց Անդրե առաքյալի գլուխը ինչպես որ գիրքը գլխի վերաբերյալ մատնանշում էր։ Երբ գլուխը հանեցին, ինչ-որ սոսկում ու զարհուրանք ընկավ հայրերի վրա։ Երբ գլուխը հանվել է, նույն ժամին վանքի եպիսկոպոսը գլուխը հավափշտակել է հայրերի ձեռքից ռւ չի տվել, այլ նրանց դատարկ արտաքսել է վանքից։ Եվ Անդրե առաքյալի սուրբ գլուխը գտնվում է միևնույն վանքում, որ շատ անգամ ուխտ ենք արել ու համբուրել այն։

Իսկ հայրերը շատ ու քիչ շրջագայելուց հետո եկան Սուրբ աթոռ Էջմիածին և այնտեղ օթևան բռնելով մնացին շատ օրեր։ Ըստ իրենց մարդագող հնարքների մտերիմ երևալով վանականների ու գյուղացիների աչքին՝ նրանց առինքնել էին հայրերը ամեն օր գնում-գալիս էին սուրբ կույսեր Գայանեի ու Հռիփսիմեի տաճարները79։ Այս երեք տաճարներն էլ թե Էջմիածնի, թե Գայանեի և թե Հռիփսիմեի, ավերված խախտված, խարխլված ու անշքացած էին իբրև մրգապահների այգում եղած տաղավարը և իբրև սեխենիների մեջ գտնված հովանին ըստ Եսայի Մարգարեի[1]։ Էջմիածնում միայն սակավաթիվ միաբաններ կային և այն էլ խիստ տգետ ու գռեհիկ։ Իսկ Գայանեի ու Հռիփսիմեի վանքերը ամենևին անբնակ էին ու անպարիսպ։ Նաև եկեղեցիներն ու խորանները դռներ չունեին, իսկ արտաքին կողմից՝ ամբողջ տանիքը և որմնաերեսները քանդված էին, իսկ հիմքերը խարխլված, ու խրամատված։ Ներսի կողմից բեմն ու եկեղեցու հատակը քանդքնդված էին ու ամբողջ եկեղեցին և խորանները անասունների աղբով լցված, որովհետև ամռան ու ձմռան օրերին անասունները՝ եզներն ու ոչխարները, մակաղում էին եկեղեցիների մեջ․ Գայանեի տաճարի տանիքը ամբողջովին նստել էր, միայն պատերն էին կանգուն և ուրիշ ոչինչ։

  1. Ակնարկում է Եսայու մարգարեության այս խոսքը՝ «Լքված թողնվի Սիոնի դուստրը իբրև տաղավար այգում և իբրև մրգապահների հովանոց սեխենիների մեջ» [Ես․ Ա 8]։