Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրը գնացել է Դավիթ կաթողիկոսի մոտ և հայտնել ֆռանկներից լսած խոսքը։

Այդ ժամանակ Արարատյան երկրից շատ հայ քրիստոնյաներ և մանավանդ Երևան քաղաքի ժողովուրդը բնակվում էին Սպահան քաղաքում, նրանցից Դավիթ կաթողիկոսը նշանավոր ու վստահելի ոմանց կանչեց իր մոտ և նրանց հայտնեց խոսակցությունը: Նրանք շատ տխրեցին և լցվեցին վրեժխնդրության քենով։ Թե կաթողիկոսը, թե նրանք միասին գնացին ջուղայեցիների մեջ խոջա Սաֆարի մոտ, որ ջուղայեցների ավագն էր. ոչ միայն ջուղայեցիների, այլև այն բոլոր հայերի, որոնք գտնվում էին պարսից թագավորության ներքո, քանզի խոջա Սաֆարը և իր եղբայր խոջա Նազարը լավ ընդունելություն էին գտնում պարսից թագավորի ու նրա իշխանների մոտ. խոջա Սաֆարին հայտնեցին այս գործի մասին: Խոջա Սաֆարը, կաթողիկոսը, Աղա տերտերը, որ երևանցիների ավագն էր, միասին գնացին Միրզամահմադ անունով քաղաքապետի մոտ, որին շահը նշանակել էր Սպահանի քաղաքապետ, իսկ շահը այս ժամանակ Սպահանում չէր, այլ Թավրիզում էր. խոջա Նազարն էլ այնտեղ շահի մոտ էր։ Քաղարապետին հայտնելուց հետո նրանից զինվորներ առան, հանկարծակի գնացին ֆռանկների վանքը և բանալով ասված տան դուռը՝ գտան նշխարով սնդուկը: Նշխարներով լիքը սնդուկը առան, բերին քաղաքապետի մոտ, իսկ նա իր մատանիով կնքել էր սնդուկը, ավանդ տվել խոջա Սաֆարին այն պահելու համար, մինչև շահի գալը և այն պահանջելը:

Այս ամբողջ գործի անցուդարձը և որպիսությունը խոջա Սաֆարն ու Դավիթ կաթողիկոսը գրավոր հայտնել են խոջա Նազարին, որ Թավրիզում էր գտնվում։ Իսկ խոջա Նազարը, որովհետև համարձակ էր շահի մոտ, հայտնեց նրան և շահից խնդրեց՝ հրամանագիր ու թագավորական սպասավոր ուղարկել հայրերի հետևից, որոնք նշխարները հանել են, որպեսզի նրանց բռնի ու բերի թագավորի առջև։ Շահը խոջա Նազարի խնդրանքը լրիվ կատարեց։ Բայց գործը այսպես դասավորվեց. թագավորական ծառան, որին պատրաստեցին գնալու համար, ազգությամբ հայ էր և հավատքով քրիստոնյա հայոց դավանությամբ, իսկական անունն էր Ավետիք, բայց մի այլ մականունով նրան կոչել էին Ալթուն: Այն ամենը