Էջ:Arakel of Tabriz, History.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բառարաններում: Առաքել Դավրիժեցին վարպետ լեզվաշինարար է։ Նրա կիրառած աշխարհաբարյան ձևերը գրաբարյան սխալներ չեն. դրանք պատմիչը բերել է լեզվի արհեստականության վերացման, բնականության ու հասկանալիության համար, այդպես էլ նորակերտ բառերը աչքի են ընկնում հակիրճությամբ, ճշտությամբ ու գեղեցկությամբ։

Այս լուսամիտ պատմիչը ոչ միայն պատմում է կենդանի գրաբարով, այլև, ինչպես երևում է, շատ լավ ծանոթ է մեր բարբառներին։ Մի տեղ Վանի վանքերը թվարկելիս դրանք անվանում է վանեցիների նման։ Իսկ ինչպես լավ է ուսումնասիրել Հայաստանի աշխարհագրությունը։ Ամենաաննշան գյուղի մասին էլ տեղեկություն ունի և անշփոթ կերպով հիշատակում է Հայաստանի բնակավայրերի հին ու նոր անունները, սրանց յուրաքանչյուրի հետ առնչվող պատմական դեպքերը։

Նա հայոց պատմության շարադրանքը վերցնում է լայն առումով։ Գուցե առաջին պատմիչն է մեզանում, որ իր գրքում մայր հայրենիքի պատմության հետ հուսում է հայ գաղութների մեջ կատարվող անցուդարձերը։ Լեհահայոց եպիսկոպոս չարափառ Նիկոլի ու նրա շահատակությունների մասին խոսում է ամենայն մանրամասնությամբ։ Քանի որ Հայաստանը ենթակա է Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետություններին, ուստի Առաքել Դավրիժեցին 17-րդ դարի հայոց պատմությունը հյուսում է այդ երկրներում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերի և սրանց միջև կատարվող ռազմական ընդհարումների և այլ կարգի փոխհարաբերությունների հետ։ Առանձին գլուխներով ներկայացնում է օսմանական ու պարսկական թագավորների ազգաբանությունն ու ժամանակագրությունը։ Մեկը սկսում է 1242 թ. Սոման առաջինով և վերջանում է 1623 թ, երբ թագավոր է դառնում սուլթան Մուրադը, իսկ պարսկական թագավորների կարգը սկսում է Սեֆյան հարստության սկզբից (14-րդ դարի կես) Շեյխ-Սեֆիով և վերջացնում է Շահ-Սուլեյմանով (1666 թ.)։

Դավրիժեցու գիրքը Գրիգոր Դարանաղցոլ (Կամախեցի), Զաքարիա Սարկավագի ժամանակագրությունների հետ կարևոր աղբյուր է Ջալալինների շարժման ու գործունեության և Վրաստանի 17-րդ դարի պատմության համար: Սա մի գիրք, մի բազմաբնույթ հիշատակարան է բովանդակությամբ հարուստ, ժողովրդասիրությամբ տոգորված, հայ ժողովրդի անկախության ու ազատության գաղափարի վառ արծարծումով հագեցած։

Վարագ Առաքելյան