Էջ:Arakel of Tabriz, History.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայում ու զննում էր և հարցնում, թե որտեղի՞ց է։ Իսկ Բայինդուր բեկը ասաց, թե որտեղից է։ Արդ՝ դրա համար թագավորը հրովարտակ գրեց Ամիրգունա խանին, որ Մովսես վարդապետին ուղարկի իր մոտ․ առանց չնչին հապաղման Ամիրգունա խանը Մովսես վարդապետին ուղարկեց շահի մոտ[1]։

Դրա համար Մովսես վարդապետը Երևանից ելավ, գնաց Բաղդադ քաղաքը, որովհետև այնտեղ էր Շահ-Աբաս թագավորը, որ կամենում էր Բաղդադ քաղաքը ետ գրավել օսմանցիներից, որը և գրավեց քիչ օրեր անց։ Մինչ տակավին չէր գրավել Բաղդադը, այլ նստած պատերազմում էր նրա շուրջը, այնտեղ Մովսես վարդապետը ներկայացավ թագավորին, երբ մեր թվականության 1075 [1626] տարին էր։ Թագավորը հարցրեց մոմի սպիտակության մասին, իսկ վարդապետը առջևը կանգնած ըստ պատշաճի պատասխանում էր։

Ապա շահը հրովարտակ գրեց, տվեց Մովսես վարդապետին և ուղարկեց Սպահտն քաղաքը Լալաբեկ իշխանի մոտ, որ թագավորի կողմից Սպահանի քաղաքապետ էր նշանակված, որ Մովսես վարդապետին տա հարյուր լիտր[2] մոմ, թագավորի ծառաներից երեք ծառա և նրանց բոլոր ծախսերը հոգա։ Իսկ Մովսես վարդապետը այգիներից որին հավանի, անպատճառ տան նրան, որպեսզի այնտեղ մոմ սպիտակեցնի, ծաոաներին սովորեցնի, տանի թագավորի մոտ, ուր էլ նա լինի։

Մովսես վարդապետը, առնելով արքունական հրովարտակը, եկավ Սպահան քաղաքը, ցույց տվեց Լալաբեկին, իսկ նա կատարեց թագավորի բոլոր հրամանները, Մովսեսին մոմ և երեք ծառաներ տվեց, որոնց անուններն էին՝ Ֆառուխ, Ղարչխա, Բեհզադ, և այն այգին, որը կոչում են Թիլիմ խանի այգի։ Մովսեսը այնտեղ ութ ամիս աշխատեց, մոմը սպիտակեցրեց, ծաոաներին սովորեցրեց, ապա սպիտակեցրած մոմը և ծառաներին առավ, գնաց Ֆահրապատ, քանզի շահը այնտեղ էր, որովհետև Բաղդադ քաղաքը գրավել էր և դարձել, գնացել էր Ֆահրապատ այնտեղ ձմեռելու համար․ այս պատճառով Մովսեսը գնաց այնտեղ։

  1. Առանց որոշ լրացումների մոմերի պատմությունը տրված է նաև ԺԹ գլխում։
  2. Լիտրը մոտավորապես 4 800 գրամ է կամ 12 ֆունտ։