սրա բարեկարգությունից մխիթարված, սիրով ու հոժարությամբ, կաթոգին սրտով կամենում էին, որ մեր սուրբ հայր Մովսես վարդապետը լինի կաթողիկոս։ Ամեն տեղերից գրություններով ու աղաչանքներով թախանձում էին վարդապետներ, եպիսկոպոսներ և նշանավոր մարդիկ, որ հանձն առնի կաթողիկոսության աստիճան, բայց նա հրաժարվում էր՝ իրեն անարժան համարելով առաքելական աստիճանին։
Բայց աստծու մարդ այս տեր Մովսես վարդապետը մշտապես իր հոգում վարանում, տխրում ու ցավում էր հարյուր թուման տուգանքի համար, անտանելի ծանր բեռ ու անխզելի շղթա եղավ Էջմիածնի Սուրբ աթոռի վրա. ոչ միայն նա, այլև ողջ հայոց ազգը [տխրում ու ցավում էր]։ Քրիստոսաբնակ Սուրբ աթոռի փրկության համար Մովսես վարդապետը չծուլացավ՝ իրեն կամ իր տկար ծերությունը խնայելով, այլ ելավ գնաց արքայի արքունիքը՝ Ղազբին քաղաքը, քանզի այնտեղ էր Շահ-Աբաս թագավորը մեր թվականության 1077 (1628) տարում։ Եվ դիմելով այստեղ-այնտեղ՝ թագավորների նախարարների մոտ, աղաչում էր նրանց իմացնել արքային հարյուր թուման հարկը վերացնելու Էջմիածնի վրայից։ Նախարարները հարմար չհամարեցին, ասելով․ «Այս թագավորը շատ փողասեր է և ագահ. փողի այդքան շահից չի հրաժարվի, մանավանդ որ այդ գործը ինքն է հաստատել, որով ավելի երևում է, որ չի հրաժարվի դրանից։ Այս պատճառով դու պարտավոր ես լռել այս ժամին և օրերին։ Իսկ մենք հարմար ժամանակ գտնելով՝ կխոսենք արքայի առջև»։ Այս պատճառով թախծալից սրտով վերադարձավ Ղազբինից, եկավ Սուրբ Էջմիածին։
Իսկ Շահ-Աբաս արքան ելավ Ղազբինից, գնաց Ֆահրապատ քաղաքը, որ կոչվում էր Աշրավ, այնտեղ ձմեռելու։ Եվ մարդկային հյուծվող բնույթին համապատասխան հիվանդացավ, մեռավ մեր թվականության 1078 (1629)) տարվա հունվար ամսի 7-ին և կտակով հաստատեց, որ թագավորությունը տրվի իր թոռին։ Քանզի արատամիտ ու բազմախորհուրդ Շահ-Աբաս թագավորը իր որդիներից ոմանց սպանեց, ոմանց կուրացրեց՝ երկյուղելով, թե մի գուցե [նրանցից մեկնումեկին] իշխանները թագավորեցնեն։ Մնացել էր մի թոռ՝ իր ավագ որդու որդին, այս պատճառով թագավորությունը տվեց