տենչանքով փափագում էր, թե ինչով հնար կլինի, որ սուրբ աջը առնի, բերի Սուրբ Էջմիածին։ Այս մասին շատ օրեր նա խնդրանքով խոսեց քահանաների, ջուղայեցի ժողովրդի, մանավանդ մեծահավատ քրիստոսասեր իշխան խոջա Սաֆրազի որդու՝ խոջա Նազարի հետ, որ ներկա ժամանակ ջուղայեցիների ավագն էր։ Փիլիպոս կաթողիկոսը խոսում ու աղաչում էր, որպեսզի Լուսավորչի աջը տան իրեն, որ տանի Սուրբ Էջմիածին՝ իր [աջի] տեղը։
Իսկ ջուղայեցիները չէին կամենում սուրբ աջը տալ, կամ նրա հեռանալը իրենց միջից, որովհետև ասում էին. «Օտարոտի երկրում և այլատեսակ ազգերի, մանավանդ նենգամետ և օձաբարո պարսից ազգի մեջ ենք բնակված և որևէ նշան կամ հիմք չունենք քրիստոսական հավատքի հաստատության համար, ոչ վանքեր, ոչ ուխտատեղիներ, և ոչ էլ քրիստոսական սրբերի հրաշագործության կառուցվածքներ, աստծու սրբերի, կամ մեր հայրերի ու պապերի գերեզմաններ ու դամբարաններ չունենք, այլ միայն այս սուրբ աջն է, որի հրաշագործությունը տեսնելով մեր նորահաս զավակները կմնան քրիստոսական հավատքի մեջ. իսկ եթե սա էլ առնեն-տանեն, ինչո՞վ մխիթարվենք այս երկրի պանդխտության մեջ, որում գտնվում ենք»։ Արդ՝ այս պատճառով ջուղայեցիք չցանկացան աջը տալ։ Այս առիթով պատճառներ հնարեցին և Փիլիպոս կաթողիկոսին ասացին, թե՝ «Սուրբ Լուսավորչի այս աջը, որ դու մեզնից խնդրում ես, պարսից արքան բերել, հանձնել է մեզ, իսկ մենք ինչպես կարող ենք սա քեզ տալ առանց թագավորական հրամանի, երբ վախենում ենք թագավորական պատիժներից և մատնիչների նենգությունից»։
Իսկ այնուհետև տեր Փիլիպոս կաթողիկոսը Երևանի հայ ժողովրդի երևելի մարդկանցով, որ կամենում էին աջի Էջմիածնի գնալը, սկսեց շրջել թագավորի իշխանների դռները և առատաձեռն նվերներով ամենքի սիրտը գրավեց։ Ապա այս ամենից հետո զուտ ոսկի դահեկան լցրեց սկուտեղը և սրա հետ գրված խնդրագիր մատուցեց Շահսեֆի արքային՝ նրանից սուրբ Լուսավորչի աջը տալու հրաման խնդրելով։ Իսկ ամբողջ հավիտենից և ազգաց տերն ու աստված, որ իր ձեռքում պահում է բոլոր թագավորների սրտերը և որ կողմը կամենում շրջում է այն, այս ժամին քաղցրացրեց թագավորի