ու մանուկներ։ Բոլորն էլ զարդարվում էին ազնիվ ու թանկագին զարդերով, (տանում էին) քաղցրահամ մրգեր, համադամ ու անուշաբույր ուտելիքներ, ծաղկահամ գինիներ։ Վայելչահասակ ու գեղեցկատես մանուկներն ու աղջիկները, կանայք ձեռքները բռնած գինին ոսկե բաժակով մատուցում էին շահին։ Նաև աշխարհիկ գուսաններն ու երգիչները առջևից ընթանալով և գեղարվեստական երգերով քաղցրանվագ երգում էին։ Նաև եկեղեցականները՝ քահանաներ, պաշտամունք կատարողներ, հագած շուրջառ ու ժամաշապիկ, առած խաչ, ավետարան, բարձրացրած խաչվառ, խունկերով, մոմերով, զանգակներով ու ծնծղաներով դուրս էին գալիս շահին ընադառաջ և երգելով գնում, մինչև հասցնում էին նրա իջևանատեղը։
Արդ՝ երբ Ագուլիս գյուղի քահանաները եկան շահի առաջ հագած շորերով, նրանց հետ կային դպրոցի մանուկներից ոմանք, որոնք շապիկ էին հագած, վերցրել էին մոմակալներ ու մոմեր և գնում էին խաչվառներին առընթեր։ Մինչ քահանաները երգելով գնում էին շահի առջևից, շահը նայում էր այստեղ-այնտեղ և ըստ իր չարահուշ մտքի ու բարոյախոսության զննում էր բոլորին և զննելիս նայեց մանուկներին, տեսավ, որ մանուկների գագաթները ածիլված էին։ Այս բանը նրան սարսափելի ծանր թվաց, որովհետև համարեց, թե իր համար են այդ արել, որպեսզի մանուկները նրա աչքին վայելչագեղ չերևան և շահին հաճելի չլինի, որ նրանցից չվերցնի։ Շահը վայրկենապես ցասումով լցվեց այն մարդու դեմ, որ մանուկների գագաթները ածիլած է եղել։ Նաև մահմեդական հավատք ունեցող մարդիկ, որ բնիկ Ագուլիս գյուղի բնակիչներ են՝ երևելի իշխաններ, որ շահի հետ շրջում էին և նրան մոտիկ սպասավորում, քրիստոնյաների դեմ ունեցած բնական նախանձի պատճառով ավելի ևս դժգոհեցին ու զայրացրին քրիստոնյաների դեմ թագավորի ցասումը, դրա համար շտապ հուզմունքով շահը հրամայեց քննել ու գտնել նրան և սպանել, ով այդ բանն արել է։ Եթե մանուկների ծնողներն արած լինեն այդ, նրանց սպանել և ունեցվածքները հափշտակել, իսկ մանուկներին վերցնել թագավորի ծառայության մեջ։ Իսկ թագավորի առաջիկա ծառայողները