Էջ:Arakel of Tabriz, History.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ աստվածասեր քրիստոնյաները թեպետ աղքատ ու չքավոր էին, բայց ըստ իրենց կարողության աղքատներ ու հարուստներ, տղամարդիկ ու կանայք առանց խնայելու ինչք ու ողորմություն էին թափում վարդապետների առջև։ Իսկ նրանք առնելով ողորմությունը, ուր էլ լիներ, գերի, բանտարկյալ, անազատելի պարտական և այլ պակասավոր, նախ սրանց էին տալիս և ազատում։ Այս պատճառով շատ գերիներ, բանտարկյալներ, պարտապաններ ազատվեցին, իսկ մնացածը տալիս էին իրենց հսկող զորականներին իրենց տուգանքի դիմաց։ Եվ այսպիսի շրջագայությամբ մինչև չորս-հինգ ամիս վճարեցին երեք հարյուր թումանը, իսկ իրենք ազատվեցին կապանքից աստծու ողորմությամբ և քրիստոնյաների տվածներով։ Բայց մինչ երեք հարյուր թուման վճարեցին արքայի գանձարանին, չորս հարյուր թուման, մանավանդ էլ ավելի, այստեղ-այնտեղ ծախսվեց, և ապա վարդապետները ազատվեցին:

Իսկ Շահռուզ բեկը, որ Մովսես վարդապետին մատնեց, քիչ օրեր անց սրով սպանվեց շահի զորականների կողմից՝ այստեղ ընդունվելով իբրև իր վաստակների հատուցում մարմնի սատակում, իսկ այնտեղ հոգու կորուստ և հավիտենական տանջանք, որոնցից մեզ փրկեց մեր փրկիչ Քրիստոսը, որին փառք հավիտյանս. ամեն։


ԳԼՈՒԽ ԻԸ
ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐ ԿՐԵՑԻՆ ԼՎՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՎԱԾ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ

Վերևում պատմության ընթացքում գրեցինք Մելքիսեթ կաթողիկոսի մասին, թե նա գնաց լեհերի երկիրը։ Արդ՝ երբ նա այնտեղ հասավ և մտավ Լվով քաղաքը, որոշ օրեր անցնելուց հետո նույն Լվովում մի ոմն աբեղա, որի անունն էր Նիկոլայոս144 [Նիկոլ], ինչ-որ մարդկանց միջնորդ ու բարեխոս անելով ուղարկեց Մելքիսեթ կաթողիկոսի մոտ, որպեսզի իրեն եպիսկոպոս օրհնի Լվով քաղաքում և նրա շրջակայում ապրող հայերի համար, որովհետև այդ ժամանակ