Էջ:Arakel of Tabriz, History.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևորդներով կատարելու նրա բոլոր հրամանները»։ Սրա վրա ճիզվիտների կարգի գլխավորը վեր կացավ առավ այլ կարգերից ուրիշ եկեղեցականներ, իրենց հետ վերցրին նաև հայոց Նիկոլ եպիսկոպոսին և տարան իրենց արքեպիսկոպոսի մոտ։ Իսկ սա սրանց միջոցով քաղաքի իշխանին պատգամագիր ուղարկեց հայոց ժողովրդին հրամայելու, որ կամ հնազանդվեն իրենց եպիսկոպոսին և բանան եկեղեցին և կամ գան դատական ատյան միմյանց ներկայանան։ Իշխանը արեց ըստ արքեպիսկոպոսի հրամանի, բայց հայոց ժողովուրդը ոչ եկեղեցին բացեց, և ոչ էլ դատարան գնաց։ Մինչև երեք անգամ այսպես կրկնեց իշխանը, իսկ հայերը ոչ եկեղեցին բացին, ոչ էլ դատարան գնացին։

Ապա մի օր ճիզվիտական կարգից բազմաթիվ եկեղեցականներ հավաքվեցին, առան նաև այլ կարգերից և եկեղեցականների, բազմաթիվ դպրոցական տղաներ, գնացին իրենց արքեպիսկոպոսի մոտ, նրանից վերցրին նաև այլ կարգավորներ, գնացին քաղաքի իշխանի և դատավորների մոտ, նրանից զորականներ ու դատավորներ առան իրենց հետ և այս բոլորը եկան հայոց եկեղեցու դուռը, որ հայոց իշխանները փակել էին։ (Մարդ) ուղարկեցին որ իրենք գան դուռը բանան, կամ բանալին ուղարկեն։ Իսկ նրանք ոչ իրենք եկան, ոչ էլ բանալին ուղարկեցին։ Ապա եկածները խփեցին եկեղեցու դուռը խորտակեցին և Նիկոլ եպլիսկոպոսին առան, մտցրին ներս։ Նրան հանձնեցին եկեղեցին այն բոլոր ինչքերով, որ եկեղեցուն են վերաբերում։ Այնուհետև ֆրանկների զորականները գնացին հայոց քահանաներին ու իշխաններին որոնելու, որպեսզի իշխանական բռնությամբ բռնեն նետեն բանտ և տուգանեն։ Իսկ նրանք փախան և թաքնվեցին և բնավ չերևացին։ Եկեղեցու մեջ կար գանձատուն, իսկ նրա մեջ՝ բազմաթիվ գրքեր ու անոթներ․ գրքերը ավելի քան հազար կտոր էին, բոլորն էլ ընտիր, պատվական ու ուսուցողական։ Սրանց մեջ ոսկեկազմ աստվածաշունչներ, ավետարաններ, շարակնոցներ և այլ բազմաթիվ գրքեր։ Այսպես նաև՝ անոթներ, սկիհներ, խաչեր, քշոցներ, բուրվառներ, կանթեղներ, աշտանակներ, շուրջառներ, ուսանոցներ [ուրար], թագեր, վակասներ, սուրբ խաչվառներ ու սրբերի նշխարներ։ Նաև հայրերից, պապերից, վաղեմի ու նախկին