Էջ:Arakel of Tabriz, History.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԱԲԱՆ

Առաքել Դավրիժեցին հավանորեն ծնվել է 16-րդ դարի վերջերին, Ատրպատականի Թավրիզ քաղաքում, այդ պատճառով էլ կոչվել է Դավրիժեցի (Թավրիզեցի)։ Նրա մասին մինչև Էջմիածնի միաբան դառնալը տեղեկություն չկա։ Հայտնի չէ, թե ինչ կրթություն է ստացել, ինչպես է ընկել Էջմիածին։ Միայն գիտենք, որ Էջմիածնում եղել է Փիլիպոս կաթողիկոսի աշակերտը, և Փիլիպոսը նրան ուղարկել է մի շարք երկրներ իբրև նվիրակ։ Նա ճամփորդել է Հունաստանում, եղել Սպահանում, Սեբաստիայում, Ուռհայում, Հալեպում, Անկարայում և այլն։ Այս ճամփորդությունների ընթացքում նյութեր է հավաքել իր գրելիք պատմության համար։ Պատմություն գրել նրան հանձնարարել է Փիլիպոս կաթողիկոսը 1651 թվականին, այն ժամանակ, երբ իր ասելով, ծեր մարդ էր։ Ուրեմն, երբ նա ստանձնեց պատմության գրելու հանձնարարությունը, առնվազն վաթսունն անց պետք է լիներ։ Շահ-Աբասի՝ հայերի առաջին տարագրության ժամանակ (1603 թ.) Առաքելը տասնչորս-տասնհինգ տարեկան պետք է լիներ, որովհետև հիշում է. «Ես ինքս տեսել եմ Հայաստան աշխարհի ավերը և մեր ազգի նվազելն ու մահմեդականների չարությունը»։ Այս ասելով նա նկատի ունի հայոց մեծ տարագրությունը և հաջորդած ահավոր սովը 1606-1609 թվականներին։

Առաքել Դավրիժեցին եղել է Էջմիածնի միաբան վարդապետ։ Փիլիպոս կաթողիկոսը հաձնարարելիս հատկապես նկատի ուներ հայոց մեծ տարագրությունը և Հայաստանի ամայացումը։ Դավրիժեցին ջանում է խույս տալ դժվարին պարտականությունից, բայց չի կարողանում։ Կաթողիկոսի հարկադրանքի տակ 1651 թվականին սկսում է աշխատանքը։ Չորս տարի աշխատելուց հետո՝ 1655 թվականին, Փիլիպոսի մահվան տարում դադարեցնում է աշխատանքը՝ վճռելով այլևս չզբաղվել դրանով։ Փիլիպոսին հաջորդած ջուղայեցի Հակոբ կաթողիկոսը նույնպես ստիպում է, որ շարունակի և վերջացնի պատմությունը։

Երեք տարի հետո՝ 1658 թվականին նորից ձեռնարկում և չորս տարի հետո 1662 թվականին ավարտում է պատմությունը՝ ներկայացվող ծավալով ու գլխակարգությամբ։ Առաքել Դավրիժեցին գրել է 60 տարվա պատմութուն՝ 1602-ից մինչև 1662-ը։ Սրանից հետո նա ապրել է ևս ութ տարի։

3