Էջ:Arakel of Tabriz, History.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդապետը, մինչև այսօր, երբ այս պատմությունը շարադրեցինք, մեր թվականության 1109 [1660] տարվա մայիս ամսի 10-ին։ Կխնդրենք Քրիստոսից, որ ապագայում ևս խաղաղությամբ ու սիրով պահի ի հաճույս իր բարեսեր կամքի և ի գովեստ հավիտյանս օրհնված անվան. ամեն։


ԳԼՈՒԽ ԻԹ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱՆ ՊԱՏՃԱՌ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ՈՃՆ ՈԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐՈԳԵԼՈՎ ՍՓՌԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՄԵՋ, ՈՐ [ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ] ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑԵԼ ՈԻ ԱՆՀԵՏ ԷԻՆ ԵՂԵԼ

Արդ՝ հին ու վաղեմի ժամանակներից Բաղեշ քաղաքի Ամրդոլու վանքում155 վարդապետների դպրոց կար, որ տևելով հասավ մինչև մեր հայրերի ժամանակ, երբ այնտեղի վարդապետների հաջորդ ու առաջնորդ, պետ ու գլխավորն էր Բասեղ անունով մի վարդապետ։ Սա երևելի ու մեծանուն և շատ աշակերտներ ունեցող մարդ էր։ Ամրդոլու վանքը նախապես անճոռնի ու վատ էր շինված, այն էլ հնությունից խարխլված էր։ Սա [Բարսեղը] բոլոր շենքերը միանգամից քանդեց և ինքը վերստին հիմնադրելով շինեց, ամբողջովին ավարտեցի եկեղեցին, տները և այնտեղ եղած մյուսները:

Նաև Բարսեղ վարդապետը Տաթևացու կարգից էր առաջացել ու սերվել հետևյալ հաջորդականությամբ։

Նախ՝ Գրիգոր Տաթևացին, նույնի աշակերտ Դանիելը, նույնի՝ Հովհաննես Համշենցին. նույնի՝ Չորթան Գրիգոր Արճիշեցին, նույնի՝ Ներսեսը, որ կոչվում է Մատաղ, նույնի՝ Ներսես Բաղիշեցին, նույնի՝ Ներսես Ամկեցին, նույնի՝ Բրգուտ Հովհաննես Ոստանցին, նույնի՝ Բարսեղ Գավառցին [Քավաո], որը այն Բարսեղն է, որին վերաբերում է մեր խոսքը։ Սույնի աշակերտ Ներսես Մոկացին՝ Ասկնջավս156 գյուղից, որի մականունն է Բեղլու, որովհետև մեծ ընչացք [բեղ] ուներ, սույնի աշակերտ Մելքիսեթ Երևանցին՝ Վժան157 գյուղից: