Էջ:Arakel of Tabriz, History.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորեցրեք ձեզ աշակերտողներին և միշտ նրանց վարժեցրեք նույնի մեջ, մինչև որ նրանց մտքում ամրանա: Դուք նույնպես պատվիրեցեք ձեզ աշակերտածներին, որպեսզի այս օրինակով անեն։ Եվ այսպես որդուց որդի անելով՝ հավատում եմ տիրոջը, որ կբանա և ցույց կտա ամեն ճանապարհ ու դռներ այս չքնաղ ու պանծալի գիտության»։

Արդ՝ լույսընկալ հոգի այս Բարսեղ վարդապետը ըստ վերևում ասածիս պատճառ դարձավ փիլիսոփայական գրքերի գիտության գյուտին և այսպես պատվեր տալով ավելացավ իր հայրերին և հանգավ ի տեր։ Նրան գերեզմանում հանգստի դրին նույն Ամրդոլու վանքում, որ ինքը նորոգեց: Նրա հանգստյան տեղը թող լինի սրբերի ու երանելիների հետ․ ամեն։

Երջանիկ Բարսեղ վարդապետի պատվերի հանաձայն նրա աշակերտներից երեք հոգի արին, որոնք Մոկաց գավառից էին. մեկի անունն էր Հովսեփ՝ Ոզմի163 գյուղից, մյուսինը՝ Հայրապետ, և սրա եղբորորդուն՝ Ներսես, որոնք Ասկնջավս գյուղից էին: Այս Ներսեսը Բեղլու Ներսեսն է, որ վերևում վարդապետների կարգի մեջ հիշատակեցինք: Այս Ներսեսը շատ աշխատեց՝ թե Բարսեղ վարդապետից և թե ընկերներից շատ ավելացրեց։ Ապա այս Ներսես վարդապետը հիշելով և խորհելով մտաբերեց այս կյանքի ունայնությունը, սրա զբաղմունքները և մեծության պատրանքը, հիասթափվեց աշխարհից և լքվելով իրենից թոթափեց աշխարհը և սրա ամեն վայելչանքները։ Քանզի Մեծ անապատը նոր էր շինված ու հաստատված, որի պատմությունը նախապես արել ենք և նույն պատմության մեջ հիշել ենք նաև Ներսես վարդապետին։ Ահա այդ հիշված Ներսեսը այս Ներսեսն է։ Սա լսելով Մեծ անապատի միաբանների առաքինական ճգնությունների մասին՝ ելավ գնաց այնտեղ։ Մեծ անապատի միաբաններից աբեղաներ սկսեցին Ներսես վարդապետից սովորել փիլիսոփայական գրքերը։ Եվ որովհետև գործնական առաքինությունը ավելի հարգված ու նախապատիվ էր նրանց մոտ, քանի որ հոգին զարդարելու նպատակ ունեին և ոչ թե խոսքը, ուստի սովորողներից ոմանք ետ կանգնեցին։ Բայց տեր Մելքիսեթ անունով մի աբեղա, որ Արարատյան աշխարհի Վժան [Ուջան]