Էջ:Arakel of Tabriz, History.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկանալի էր։ Սրա թարգմանությունն էլ նորից նույնն է, բայց այնքան դյուրըմբռնելի է, որ անհասկանալի ոչինչ չի մնում ընթերցողին, որովհետև մեկնությունը շատ է և դյուրահասկանալի։ Երրորդը մի գիրք է, որի անունն է «Գիրք պատճառաց»179. նաև այն կոչում են վեր բնականներից, քանի որ ինքնին աստվածաբանության գիրք է, որովհետև նրա բոլոր խոսքերը աստվածաբանություն են և կազմված է երեսունվեց պրակներից։ Չորրորդ գիրքը՝ առակավոր խոսքեր, որ պատմում է մարդանց վարքի ու կենցաղավարության մասին որպես օրինակ ամեն մարդու համար, որի լատիներեն վերնագիրն էր «Վարքի հայելի», բայց երբ հայերեն թարգմանեցին, նորից դրեցին նույն «Հայելի վարուց»177 վերնագիրը։ Չափազանց հաճելի ու դուրեկան են այս գրքի խոսքերը։

Արդ մինչև այժմ սա այսքան վաստակ ստեղծեց հայոց եկեղեցում։ Կխնդրենք բարեպարգև տիրոջից՝ աստծուց, որ սրան պահի երկար կյանքով, առանց որևէ վարձանքի, որպեսզի այլ վաստակներ ևս ավելացնի հայոց ազգին ու եկեղեցուն։

Նաև պարտքս եմ համարում այլ արժանիքներով շնորհալից մարդկանց, որոնց ես տեսել եմ, նույնպես աչքաթող չանել, թեպետ նրանք աշխարհականներ են, բայց հավատքով քրիստոնյա են և հայազգի, որոնք մեր ազգի համար պարծանք են և օգտաակար, որոնց անուններն են Վարպետ Մինաս180 և Վարպետ Հակոբջան181, սրանք երկուսն էլ ծագումով ջուղայեցիներ են։

Այս վարպետ Մինասը իր համար արվեստ ընտրեց նկարչությունն ու ծաղկարարությունը։ Քանզի մանուկ հասակում ինչ-որ պատճառով սրան պատահեց գնալ Բերիա քաղաքը, որ Հալեպն է։ Այնտեղ գտավ ոմն նկարիչ վարպետ, որ ազգով ֆռանկ էր։ Աշակերտեց ֆռանկ վարպետին և նրանից սովորեց։ Ուսանելուց հետո դարձավ ինքնուրույն և եկավ Սպահան, բնակվեց իր տանը, որ ջուղայեցիների մեջ էր։ Սա բանեցնում էր իր նկարչության արվեստը։ Արվեստի առավել վայելչակերտ, գեղեցկատիպ, չքնաղատես հորինվածքի համար ջուղայեցի մեծամեծները (Մինասին) տանում էին իրենց ապարանքների, տների հարկերը ծաղկելու և նկարազարդելու։ Այսպես նաև