համար զարմանալի էր։ Նա դիմելով գալիս էր իր հայրենի աթոռը՝ գեղեցկաշեն, գմբեթահարկ Աղթամարի Սուրբ խաչը։ Նրա՝ սուրը աջով ու ձողի ծայրին բարձրացված խաչվառով, որի գլխին ոսկե խաչ էր շինված, գալու համբավը տարածվեց։ Այն տեղերը, որտեղից գալիս էր հայրապետը, գավառի ողջ բնակչությունը գրոհ էր տալիս, բոլորը ընդառաջ էին ընթանում խունկերով, մոմերով, խոյերի ու զվարակների զենումով․ երկրպագում էին սուրբ աջին ու հայրապետին և համբուրում այն մեծ փափագով, մինչև որ եկավ հասավ Տոսպի206 գավառը և մտավ Վան քաղաքը բազմաթիվ եպիսկոպոսներով, ձիերով ու ձիավորներով՝ խաչվառը առջևից, քահանաները առջևից ու ետևից երզում էին քաղցր եղանակներով։ Այսպես շքեղ ու փառավոր մտավ Վան քաղաքը, իսկ Մահմուդ բեկ կոչված այն պարոնը, որ նստում էր Շամիրամի ամրոցում՝ Վանա բերդում, որ կաթնեղբայրն է Ջհանշահ թագավորի, տեսավ քրիստոնյաների պայծառությունը և ցանկացավ սուրբ աջի տեսությունը։ Եվ [մարդ] ուղարկելով՝ տարավ բերդի գլուխը։ Երբ մեծ հայրապետը սուրբ աջով մտնում էր վերին բերդի դռնով, գոռոզ Մահմուդ բեկը իր բոլոր մեծամեծնրով, տնով, Ամիրզա որդով և ողջ ընտանիքով ընդառաջ ելավ․ երկպագություն էին մատուցում սուրբ աջին ու համբուրում, նվերներ էին տալիս և մեծարելով ու պարգևատրելով հայրապետին վերադարձրեց իր օթևանը։ Այս տեսնելով, քաղաքի ու գավառի բազմությունը օրըստօրե երկրպագության էին տալիս սուրբ աջին և ողջյունի մեծ հայրապետին բազմաթիվ ընծաներով ու նվերներով։
Օրեր հետո պարոնից հրաման ստացավ [կաթողիկոսը] իր հայրենի աթոռ՝ Աղթամար գնալու։ Երբ քաղաքից ելավ, նրա հետ դուրս եկավ եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների բազմություններ և Վանի բոլոր ազատագունդ խոջաները՝ ձիերով ու ձիավորներով ապառազինված։ Եկան, հասան ծովահայաց Ոստան207 քաղաքին մոտիկ, որին ընդառաջ եկան քաղաքի բոլոր բնակիչները քահանաներով ու բազմամբոխ ժողովրդով՝ մեծամեծերից մինչև փոքրերը խունկերով, մոմերով, բարձրաձայն երգերով։ Գրեթե մինչև