Էջ:Arakel of Tabriz, History.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի փառս իր և իրեն զորացնող Քրիստոսի։ Եվ անցյալ այս պատմության մեջ (հեղինակը) հիշեց խաչվառը և ուրարը, ապա սրանք երկուսն էլ սուրբ աջի հետ պահված են Սուրբ Էջմիածնում իբրև հաստատուն վկայություններ սուրբ աջի համար, մանավանդ առավել վկաներ են այն հրաշագործությունները, որ սուրբ աջի կողմից կատարվում են։

Այս պատմությունը մշակելով շարադրեցինք մեր թվականության 1111 [1662] հուլիս ամսի մեկին Սուրբ աթոռ Էջմիածնում տեր Հակոբ Ջուղայեցու կաթողիկոսության, պարսից երկրորդ Շահ-Աբասի և օսմանցիների թագավոր սուլթան Մահմադի՝ սուլթան Իբրահիմի որդու թագավորության ժամանակ, նույն սուրբ աջի երջանիկ հոր՝ մեր սուրբ Լուսավորչի բարեխոսությամբ և աղոթքներով՝ ի փառս հավիտյան օրհնված մեր Քրիստոս աստծու։


Գլուխ ԼԱ
ՄԵՐ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՇԱՐԱԿԱՐԳՈԻԹՅՈԻՆԸ, ՈՐ ԱՌԵԼ ՈԻ ՍԿՍԵԼ ԵՆՔ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ԿԼԱՅԵՑՈԻՑ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՎ ՀԱՍՑՐԵԼ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Կաթողիկոսների կարգը սուրբ Գրիգոր Լուսավորչից չենք առել ու գրել այն պատճառով, որ շատ սրբերի ու իմաստունների ու վստահելի մարդկանց կողմից այն գրվել է, որպես ամենքին հայտնի է։

Իսկ ինչ սուրբ Ներսես Կլայեցուց հետո է, ամբողջ մի տեղում գրված չէ, այլ մի մաս այստեղ է, մի մաս այնտեղ, սակայն մենք ամբողջը հավաքեցինք մի տեղում։

Բոլոր կաթողիկոսների անունները, որոնք հավաքեցինք, թե Սսի կաթողիկոսները և թե Էջմիածնի, երեք տեղից ենք հավաքել, մի մասը թվականներից (օծման թվից), որոնք մեզնից առաջ գրել էին․ սրանց ինքը Քրիստոսը թող վարձահատույց լինի։ Մի մասը վանքի կոնդակներից, որոնք կաթողիկոսներն էին շնորհել յուրաքանչյուր վանքի, մի մասն էլ գրքերի հիշատակարաններից, որ յուրաքանչյուր կաթողիկոսի ժամանակ գրել էին, իսկ մենք ժողովելով բոլոր