Էջ:Arakel of Tabriz, History.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս պատրաստեցեք մի մարդ ձեր կողմից, որպեսզի իմ ուղարկվելիք մարդու հետ գնան ու հասնեն նրան, և որքան [պարտք] հասնում է նրան, առնեն բերեն»։ Այս պատճառով կաթողիկոսները իրենց կրոնավորներից մեկին թագավորի ծառայի հետ ուղևորեցին Սրապիոն կաթողիկոսի ետևից։ Սրանք գնալով Ջուղա՝ գտան Սրապիոն կաթողիկոսին, բռնեցին նրան, բանտարկեցին և պահանջում էին շատ գանձեր։ Նա թեպետ կարողացածի չափով տալիս էր, բայց նրանք դրանով չէին բավարարվում, այլ տմարդի ու անագորույն բնույթ ունենալով բերին Սրապիոնին գցեցին չարչարանքների փորձության մեջ, հարվածների ու ծեծի [ենթարկեցին]: Եվ այդ պատվավոր մարդուն խիստ անպատիվ արին, մինչև իսկ փողոցի հրապարակի մեջ ոտքերից կախած ուժգին բրածեծ արին նրան բազում օրեր։ Երբ Սրապիոնը տեսավ, թե ոչ մի տեղից փրկության սպասելիք չկա, շատ գանձեր փոխ առավ ու տվեց նրանց, մինչև որ նրանց աչքերը լիացան գանձերով ու կաշառքներով Հուդայի նմանությամբ, և ապա բաց թողին նրան։ Իսկ նա ազատվեց նրանցից, ինչպես գառը գայլի բերանից։ Հազիվ ճողոպրելով նրանց ձեռքից՝ Ջուղայից ելավ, գնաց Վան քաղաքը՝ թախիծը հոգում, տրտմալից սրտով, անմխիթար հոգով և դառը հեծեծանքներով։ Այնտեղից էլ [մեկնեց] Ամիդ քաղաքը։ Ապրեց մի տարի և երկրորդ տարում վախճանվում է այս աշխարհում, մահվամբ ու հանգստյամբ ավելանում տիրոջը։ Այդ վախճանը տեղի ունեցավ մեր թվականի 1055 [1606]-ի ապրիլ ամսի 23-ին. նրան թաղեցին այնտեղ Ամիդ քաղաքում։ Սրա հիշատակը թող օրհնված լինի, իսկ նրա աղոթքներով թող տերը մեղ ողորմի. ամեն:

Իսկ շահը քանի դեռ նստած Երևանի բերդի շուրջը ճակատամարտում էր, չէր դադարում մեր երկիրը ավերելուց և հայոց ազգը գերելուց։ Քանզի բազմաթիվ զորքերով զորապետներ ուղարկեց Կարինի18 կողմերը. սրանք գնացին ավերեցին Բասենի գավառները, Կարինի դաշտը և այլ վայրեր, ուր կարողացան հասնել։ Քանդեցին, ավերեցին և ոչնչացրին երկիրն ու շեները, կողոպտեցին ինչքն ու հարստությունը, տղամարդկանց կոտորեցին, իսկ կանանց ու մանուկներին գերելով բերին Երևան իրենց բանակը։

35