Էջ:Arakel of Tabriz, History.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգականները գալով պարսպի դրսի կողմում կանգնում էին, բերած հացը գցում էին պարսպից ներս հրեաներին կերակուր լինելու համար, այդ էլ զինվորները հափշտակում ուտում էին, չէին տալիս հրեաներին։ Այս պատճառով երեք օր անկերակուր մնացին, մինչև եպարքոսը հրամայեց, որ այնտեղից հանելով բերին քաղաք և գցեցին բանտ։

Հրեաների մասին եպարքոսը հարցում արեց իրենց կրոնի առաջնորդին ու գլխավորին, որին իրենք սադր [մահմեդական կրոնի գերագույն առաջնորդ] են ասում, թե՝ «Սրանք ինքնակամ մեր հավատին չեն գալիս, ի՞նչ անենք։ Կարելի՝ է բռնությամբ դարձնել, թե ոչ»։ Սադրը պատասխանեց. «Մեր օրենքներում հրաման չկա որևէ մեկին բռնությամբ դարձի բերել։ Կրկին եպարքոսը հարցրեց. «Հապա ի՞՛նչ անենք»։ Սադրը ասաց, «Իմ գործը չի, դու գիտես»։

Դարձյալ եպարքոսը կանչեց հրեաներին իր մոտ և ասաց, որ գան հնազանդության և ընդունեն Մահմեդի կրոնը։ Նա ասաց. «Որովհետև ով որ ընդունի Մահմեդի կրոնը, նրան կտանք երկու թուման պարգև, նա կազատվի տանջանքներից և խաղաղորեն կնստի իր տանը։ Իսկ ով ամենից առաջ ընդունի մեր հավատը, նրան պաշտոն ու իշխանություն կտանք»։

Հրեաների մեջ կային մարդիկ, որոնք թերահավատ էին իրենց կրոնի նկատմամբ և շեղված էին թյուր գործերում՝ գողության, բոզության և ուրիշ այսպիսի չարիքների մեջ և իրենց խորքում տրամադրված ու հակված էին դեպի Մահմեդի կրոնը։

Երբ այս բոլոր անցուդարձը տեսան, որ կատարվեց հրեաների հանդեպ, նաև լսեցին եպարքոսի հորդորիչ խոսքերը, այս թերահավատ մարդկանցից մեկը, որ խիստ անհավատարիմ ու պիղծ էր և որի անունն էր Ավատիա, ամենից առաջ սա եկավ, կանգնեց եպարքոսի առջև և ինքնակամ հանձն առավ ուրանալու հրեությունը ու դավանելու մահմեդական հավատը: Սրա խոսքերի վրա չափազանց ուրախացավ ու ցնծաց եպարքոսը և դատարկ սիրով գովեց ու սիրեց նրան և նրան համարեց իր հոգևոր եղբայր, իր անձնական զգեստը, որ հագած էր, հանեց հագցրեց նրան և մինչև անգամ