Էջ:Arakel of Tabriz, History.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մատներից մատանիները հանեց, գրեց նրա մատները, նաև շատ բան պարգևեց և նրա սիրտը գրավեց իր կողմը։

Եվ այս ուրացող Ավատիան դարձավ պարսից իշխանների համար հնարացույց, քանզի ասաց. «Հրեա մարդկանց շատերին միմյանց հետ մի պահեք, կամ չորսին, հինգին իրար հետ ատյան մի բերեք, որովհետև քաջալերելով իրար սիրտ են տալիս, այլ երկու և երեք միասին բերեք և բռնի կերպով դարձրեք, որովհետև նրանք ինքնակամ չեն դառնա։ Այլ՝ նախ բռնեք նրանց քահանային, որին խախամ են ասում և նրա վրա մեծ ջանք գործադրեք պարգևների խոստումով, սպառնալիքներով, տանջանքներով, թերևս նրան դարձնեք, որովհետև եթե նա դարձավ, ամենքն էլ կդառնան»: Այս ձևով պարսիկներին շատ հնարքներ ցույց տվեց այն պիղծը և ուրացողը՝ Ավատիան։ Սրա խորհրդով պարսիկները անդադրում փնտրտուքով որոնելով գտան խախամին, որի անունն էր Սայիդ․ բերին, կանգնեցրին եպարքոսի առջև, որին (եպարքոսը) ասաց․ «Համաձայնվիր իմ խոսքերին և կատարիր թագավորի հրամանը, եկ ընդունիր մեր մահմեդական կրոնը և ինձնից շատ պարգևներ ու բարիքներ ստացիր»: Ւսկ խախամը հանձն չէր առել, այլ հրաժարվել էր։ Նաև իշխանները շատ բաներ խոսեցին խախամի հետ, բայց նա չհամաձայնվեց, այլ թույլտվություն խնդրեց գնալու իր տունը, իսկ իշխանները թույլ տվին նրան գնալու։ Այնտեղ անմիջապես ուրացող Ավատիան ազդարարեց իշխաններին որ չթողնեն գնա իր տուն, այլ պահեն իրենց մոտ։ Այդպես էլ արին իշխանները։ Մյուս օրը դարձյալ կանգնեցրին ատյանում, նորից նույն բանը հրամայեցին՝ ընդունել մահմեդական կրոնը։ Այս անգամ էլ խախամը չհամաձայնվեց։ Երրորդ օրն էլ գործը այսպես կատարվեց, իսկ չորրորդ օրը շատ բաներից հետո, որ խախամի հետ խոսեցին, նրա մասին վճիռ կտրեցին, որ եթե չընդունի մահմեդական կրոնը, որովայնը պատռեն, կախեն ուղտից և շրջեցնեն քաղաքի մեջ, իսկ ունեցվածքն ու ընտանիքը ավարի ենթարկեն։ Այս վճիռը հանեցին և ուղտը անմիջապես բերին, նստեցրին այնտեղ։ Դահիճները եկան, բացին որովայնը և հանելով սրերը հարկադրում էին խախամին կամ ուրանալ, կամ (թե ոչ) որովայնը կպատռեն: Խախամը սպանման ահից և առ ընտանիքը ունեցած սիրուց