Էջ:Arakel of Tabriz, History.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնում, այլ ծածուկ իրենց տներում ոչխարներ էին մորթում և կամ շատ օրեր առանց մսի էին անցկացնում։ Այնպես էր լինում, որ երբեմն-երբեմն մատնողների և պարսից ահից ու երկյուղից հրեաները գնում էին շուկա և պարսիկ մորթողներից գնում միս և ակներև բացարձակ բոլորի ներկայությամբ իրենց տներն էին բերում որպես թե իրենց ուտելու համար, բայց չէին ուտում, այլ գաղտնի գցում էին շների առջև, և շներն էին ուտում: Այսպիսի շատ բաներ էին անում հրեաները, որոնցով հայտնի ստուգվեց, թե հրեաները հրեության կրոնը չեն ուզում թողնել։

Բայց անօրեն, ուրացող այն Ավատիան և իր գործակից չար ընկերները, որոնք նրա հետ ուրացան, չափազանց ուրախ էին ու հաստատ իրենց նորագյուտ հավատի՝ Մահմեդի կրոնի վրա, ուստի շրջագայելով հրեաների մեջ քննում, զննում, տեղեկանում էին, թե ով իր հոժար կամքով է ընդունել մահմեդական կրոնը, և ով ոչ, և տակավին ծածուկ պահպանում է հրեական կրոնը։ Այս պատճառով բազմաթիվ նեղություններ էին հասցնում հրեաներին, որը իրավացի, որը անիրավ: Քանզի հրեաներից ոմանց բռնելով բռնություն էին գործ դնում, բանավիճում էին քաշքշում և ասում. «Ինչու՞ դու մզկիթ չես գնում աղոթելու, այլ գնում ես հրեաների ժողովարանը»։ Ոմանց էլ ասում էին. «Քո որդուն ուսանելու ես ուղարկում խախամի մոտ և ոչ թե մոլլայի մոտ»։ Ոմանց էլ, ասում էին, թե՝ «Շուկայից միս չես առնում, այլ քո տանն ես մորթում»։ Եվ այսպիսի ուրիշ շատ բաներ էին անում հրեաների նկատմամբ սրանցից ուրացողները։ Իսկ հրեաները պարսիկներից երկյուղելով՝ շատ աղաչանքներ էին անում նրանց և կաշառք տալով հազիվ մի կերպ կարողանում էին ազատվել նրանց ձեռքից:

Նաև այս ուրացողները պատճառ դարձան, որ երեք հրեա մարդկանց դուստրերին պարսիկները առան իրենց համար կին, քանզի աղջիկներին հանվանե հիշատակեցին պարսիկների ներկայությամբ և շատ գովեցին, գրգռեցին պարսիկներին, որ աղջիկներին կին առնեն. նաև իրենք վրեժխնդիր լինելով ստիպում էին աղջիկների տերերին (աղջիկներին) տալ պարսիկներին կնության։ Իսկ հրեաները չէին կամենում տալ, և աղջիկների տերերը բազմապիսի