Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սույնպես և ներքին Փադախ անվանված գյուղը, որի աղբյուրները ցամաքեցին, և ջուր չլինելու պատճառով այս գյուղը ևս տարան Խասրիկում շինեցին։ Ավաճ գյուղի աղբյուրները տասներկուսն էին, բոլորը ցամաքեցին և այժմ չեն երևում։

Հոգվոց վանքի մեծափառ ուխտի ձորում վանքին մոտիկ մի լեռ կար, որը կոչում էին Աբեղներ։ Այն գիշեր, երբ երկրաշարժը եղավ, այդ հաստակառույց, արարչակերտ, կարծր քարային լեռը ահավոր երկրաշարժից խախտված, բեկբեկված, քայքայված ներքև հոսելով դեպի ձորը փլվեց և ամբողջ ձորը լցրեց, երեք մարդ իր տակն առնելով սպանեց, և ճանապարհը վերացրեց, որ հետո այլ կողմում շինեցին, ջրաղացը խափանեց, որ այլ տեղում շինեցին։ Ձորը լցնելով բազմաթիվ օրեր արգելեց գետի ջրի ընթացքը, որ ապա շատ օրեր հետո քիչ-քիչ ջուրը իր համար ճանապարհ բացեց, որ այժմ իր ընթացքով գնում է։ Հայոց ձորի գավառում՝ Էրեմերի վանքին մոտիկ մի արտաչափ տեղ գետինը սուզվեց, երկրի խորքեր կլանվեց, մի խոր և ահավոր փոս գոյացավ մինչև անդունդները։ Փոսի միջից՝ անդունդից սև ջուր դուրս եկավ և այնտեղ փոսի մեջ լճացավ, որ կա մինչև այսօր։

Վան քաղաքի փաշան և այլ իշխաններ այս բոլոր կատարված բաները նկարագրեցին, ուղարկեցին Կոստանդոպոլիս քաղաքը և հայտնեցին սուլթան Իբրահիմ խոնդկարին, թե քաղաքների, գյուղերի այսքան շենքեր, մզկիթներ, եկեղեցիներ ավերվեցին։ Նաև Վան քաղաքի խաջաները (մարդ) ուղարկեցին Ռահիջան խոջայի մոտ, որ այդ օրերին Կոստանդոպոլսում էին, որպեսզի թագավորից թույլտվություն ստանա ավերված վանքերի, եկեղեցիների վերստին շինության համար, որ և խոջա Ռահիջանը թագավորից ստացավ հրամանը և ուղարկեց Վան խոջաներին, իսկ նրանք սկսեցին շինել քաղաքի եկեղեցիները. ինչպես պատմեցինք, նախ (շինեցին) Վարագա վանքի եկեղեցին։ Կիրակոս վարդապետը, որ Վարագա վանքի առաջնորդն էր, հանձն առավ նախ շինել ժամատունը, որը և կառուցեց, վերջացրեց։ Խոջա Ամրխանը շինեց Սուրբ խաչի եկեղեցին, Մարխաս չելեբին՝ Աստվածածնի եկեղեցին, խոջա Դիլանչին՝ Սուրբ Սիոնի եկեղեցին, խոջա Հովհանեսը՝ Սուրբ Նշանի եկեղեցին։ Այս եկեղեցիները շինեցին, մնաց Բերդով եկեղեցին, Քառասուն