Էջ:Arakel of Tabriz, History.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ Վան քաղաքի հին փաշային հանեցին և թագավորի արքունիքից Վան ուղարկեցին նոր փաշայի փոխանորդին։ Հուսեյին աղան և հին փաշան միաբանվեցին և չընդունեցին եկած նոր փաշայի փոխանորդին, այլ ետ դարձրին Կոստանդնուպոլիոս։ Իսկ Վան քաղաքի իշխանները, որոնք նեղված էին Հուսեյին աղայից, նրանից գաղտնի ու ծածուկ ամբաստանության շատ բաներ գրեցին նրա մասին և ուղարկված Մուսալիմի հետ ետ ուղարկեցին թագավորի արքունիքը։

Քիչ օրեր անց թագավորի արքունիքից Վան քաղաք եկավ Սինան անունով մի ոմն իշխան ենիչերի աղասի, մտավ բերդը և տիրեց վերին բերդը և բոլոր ենիչերիներին։ Քիչ օրեր հետո այս նոր եկած Սինան աղան, որ ենիչերի աղասի էր, սկսեց վերին բերդից թնդանոթով արկակոծել փաշայի ապարանքը, ասելով, թե՝ «Թագավորից քո վրա հրաման կա՝ գնալ, ուստի պիտի ելնես, գնաս քաղաքից»։ Նաև արկակոծում էր Հուսեյին աղայի տունը և պատգամ էր ուղարկում նրան, թե՝ «Մի պահիր փաշային, այլ ուղարկիր»։ Իսկ Հուսեյին աղան ու փաշան, երկյուղելով թնդանոթից, ելան, գնացին ներքին բերդի հյուսիսային կողմը Թավրիզի դարպասին մոտիկ և մտան այն տեղը, որ կոչում են Պալթի տներ, և այնտեղ ամրացան, որպեսզի արկը, որ գալիս է վերին բերդից, այդ տեղին չկպչի, որովհետև լեռան ժայռը վերևից հովանի է նրա վրա։ Իսկ Վանի ենիչերիները թեպետև թշնամանք ունեին Հուսեյին աղայի դեմ և ատում էին նրան, բայց որովհետև խիստ վախենում էին նրանից, ուստի նրանք ևս հավաքվեցին այնտեղ Հուսեյին աղայի մոտ։

Իսկ ենիչերի աղասին մարդիկ ուղարկեց Խոշաբի բերդը և Սուլեյման բեկին հայտնեց թագավորից եկած հրամանի, Հուսեյին աղայի և փաշայի թաքնվելու մասին։ Իսկ Սուլեյման բեկը, քանի որ անցել էր քենը և վրեժխնդրության ծարավը, մեծ տենչանքով ցանկանում էր այդպիսի լուր լսել։ Չդանդաղեց, այլ ինքը կտրուկ վեր կացավ մեծ զորքով, իր հետ առնելով նաև վերևում հիշատակված Չոմարին գնացինք հասան Վան քաղաքը և քաղաքի շրջակա գյուղերում այստեղ-այնտեղ մշտապես շրջում էին, որ գուցե ձեռք գցեն Հուսեյին աղային։ Նրանք շրջելով գնացին Արջակ գյուղը և այնտեղից Խառակոնիս գյուղը, որ պատկանում էր Հուսեյին