Էջ:Arakel of Tabriz, History.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսպիսի խնամք ցույց տվեց, սրբի թաղման օրը այն մահմեդականները, որ եկել էին այնտեղ` գերեզմանատուն, նրանցից ոմանք չարացան ու նախանձաբեկ եղան սուրբ Խաչատուրի փառավոր թաղման պատճառով․ նրանք գնացին փաշայի մոտ և չարախոսեցին քրիստոնյաներին, թե բոլոր քրիստոնյաները հավաքվեցին այն սպանվածի վրա և իբրև նահատակի ու մարտիրոսի բազմամբոխ հանդեսով և մեծ փառքով թաղեցին նրան։ Դրանով ցույց են տալիս, որ իրենց հավատը ճշմարիտ է, իսկ մերը սուտ։ Փաշան հրամայեց, թե՝ «Թող զորականները հսկեն ճանապարհների անցարաններում, որ վաղվան օրը, երբ քրիստոնյաները գնան սպանվածի գերեզմանին էքնահող անելու, այդ ժամանակ բոլորին բռնեն, բերեն կալանքի տակ առնեն, որպեսզի ես նրանց դատապարտելով տուգանեմ»։ Այս չարախոսությունը և նենգ մտադրությունը քրիստոնյաները բոլովին չգիտեին, այլ աստված փրկեց իր ժողովրդին ինչ–որ սուղ պատճառով։ Այդ օրը փաշայի մոտիկներից մի մարդ և մի քաղաքացի ազատ պատվավոր կռվեցին իրար հետ։ Քաղաքացի ազատ զինվորները և ենիչերիները զինվորական դասից էին, իրենց համար արհամարհանք համարելով՝ վրեժխնդիր եղան և փաշայի հետ կռվի կանգնեցին և իրենց զորքով փաշային արգելափակեցին միջնաբերդում մի շաբաթ։ Թե փաշան, թե քաղաքացիք այդ կռվով զբաղվեցին, իսկ քրիստոնյաները ազատվեցին սուրբ Խաչատուրի բարեխոսությամբ և բարերար աստծու ողորմությամբ։

Սուրբ Խաչատուրի նահատակությունը տեղի ունեցավ Հայոց 1101 [1652] թվականի օգոստոս ամսի 20-ին տեր Փիլիպոսի կաթողիկոսության, որ բարձրագահ աթոռ սուրբ Էջմիածնում էր, և օսմանցիների սուլթան Մուրադի թագավորության ժամանակ, որ նստում էր Կոստանդնոպոլիս մեծ քաղաքում։

Եվ այժմ մենք հավատացյալներս խնդրում ենք, որ բոլոր քրիստոնյաներին ազատի մարդադեմ գազաններից ու անիրավներից իր սրբերի բարեխոսությամբ մեր տեր Հիսուս Քրիստոսը, որին հավիտյանս փառք, ամեն։