Էջ:Arakel of Tabriz, History.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խփեցին իրեն։ Այդ ժամանակ Մխիթարը իր արի քաշությամբ համապատասխան բարկությամբ ու ցասումով լցվեց, տանից ելավ, դաշույնը մերկ ձեռքում բռնած, և սկսեց հետամտել տղաներին: Նա հալածելով հայհոյությամբ անարգում էր մահմեդականների հավատն ու կրոնը: Նույն ժամին մի մահմեդական Էիբ անունով հաջի[1], որ Մխիթարի մոտիկ դրացին էր, տեսնում ու լսում էր հայհոյանքներն ու անարգանքները, որ Մխիթարը ասում էր մահմեդական տղաներին: Նա Մխիթաին մեղադրելով ասաց. «Դադարեցրու հայհոյանքներդ, քանի որ անպատշաճ է այդքան հայհոյանքներ տալ տղաներին, որոնք հավատով մահմեդական են»։ Իսկ Մխիթարը թողեց տղաներին, սկսեց հետապնդել հաջի Էիբին և հալածելով հայհոյում էր։ Այդ հալածելու ժամանակ այնտեղ պատահեց ղուլլար աղասու ենիչերիների զորապետի եղբայրը․ նա ևս Մխիթարին մեղադրելով ասաց. «Մի անիր այդպիսի անպատշաճ բան»։ Իսկ Մխիթարը դարձավ դեպի նա և սկսեց բարկությամբ նրան ևս հայհոյել:

Իսկ ինչ հաջի Էիբն էր, գնացել էր սուխտաների մոտ, Մխիթարին ամբաստանելով սկսեց վշտագին սրտով նրանց պատմել Մխիթարի խոսքերն ու գործերը։ Այդ ժամանակ շատ սուխտաներ հավաքվեցին միասին և վրեժխնդիր եղան Մահմադի հավատի անարգանքի համար։ Գնացին փաշային հայտնեցին, նրանից զորականներ վերցրին և եկան Մխիթարին բռնեցին, կապեցին, տարան փաշայի բանտը և արգելափակեցին։ Իսկ Վանի բերդի ենիչերիները, որոնք Մխիթարին բարեկամ էին, անտեղյակ էին սրանց, և երբ լսեցին, թե բռնեցին Մխիթարին և բանտ գցեցին, այդ ժամանակ հիսուն ենիչների և երկու չորվաջի[2] եկան, Մխիթարին բանտից դուրս բերին և առան, տարան վերի բերդը իրենց մոտ. այնտեղ պահեցին երկու օր։ Երբ տեսան, թե սուխտաները և այլ մահմեդականները խաղաղվել են և ոչինչ չեն խոսում Մխիթարի մասին, նրան թողին, որ գնա իր տունը։

  1. Հաջի արաբերեն նշանակում է Մեքա [մահմեդական սրբավայր] ուխտագնացություն կատարած անձ: Մենք՝ հայերս մահտեսի ենք ասում Երուսաղեմ գնացածներին:
  2. Ենիչերների հարյուրապետ: