Էջ:Arakel of Tabriz, History.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԾԵ
ԾԱՐԵՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԳՐԱԾ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ այժմ իմ՝ նվաստ Հովհաննեսի կյանքի տասներկու տարվանից հետո, երբ ինձ ճանաչեցի, բայց վայ ինձ, որովհետև աստծու պատվիրանով չշարժվեցի։ Եվ մեր հայոց 1021 [1572] թվականին Ատրպատականի թագավոր էր այլազգի ոմն Դահման անունով, որ կոչվում էր կարմրագլուխների ջահ։ Սա չափազանց խաղաղասեր էր և աչքը կուշտ։ Ամենածերերը ասում էին, թե մինչև անգամ իր երկրից տասնհինգ տարվա հարկը չէր առել, նաև վաճառականների [վճարելիք] բաժը և մաքսը որ իր գանձարանում իր համար էր հավաքված լինում, վերացրեց իր երկրից։ Նաև լկտի կանայք, որ բնակվում էին քաղաքում և բացահայտ կերպով շատերին մոլորեցնում էին, տուրք էին տալիս արքունիքին, և արվամոլության անասելի պղծություն էր արմատավորված պարսիկների մեջ, այդ ամենը հրամանով վերացրեց, իսկ եթե որևէ տեղ հայտնվում էին, հրամայում էր չարաչար տանջանքներով սպանել։ Հիշյալ շահը մեր 1024 [1575] թվականին մեռավ՝ թագավորելով հիսունմեկ տարի։

Նրա որդիներից Իսմայիլ անունով մեկը, որը նախապես իր հոր կողմից մի հանդուգն գործի համար արգելափակված էր բանտում, այժմ ելավ, թագավորեց իր հոր տեղը։ Սա սուրը գործի դրեց՝ սպանելով իր յոթ հարազատ եղբայրներին։ Սկսեց իր զորքերի զորապետներին սպանել՝ ոմանց հայտնի, ոմանց գաղտնի։ Մինչև իսկ գրեթե ջանում էր սպառել պարսիկ ժողովրդին։ Այս իմանալով պարսիկ տիրատյացները, թե մոտեցել է իրենց կորուստը։ Թավրիզի իշխան Ամիրխան անունով մեկը և Արարատյան գավառի իշխան Թոխմախ մականունով Մահմադ անվանված մեկ ուրիշը և այլ ուրիշներ, որոնց անունները հավաստի չգիտեմ, միաբանվեցին Իսմայիլի ծառաների հետ և գաղտնի սպանեցին նրան. նրա զորքը չիմացավ նույն Իսմայիլի մահը և դատ ու դատաստան չեղավ։ Ոմանց կողմից ասվեց, թե գնացել