Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանզի Շիրազի տեր Ալահվերդի խանը Շահ-Աբասից խնդրեց իրեն շնորհել հայ ազգից մի մաս հայ ազգի բարեմտության ու հավատարմության համար, որպեսզի դառնան նրա ժողովուրդը. թագավորը հարգեց նրա խնդրանքը, և նա տարավ բնակեցրեց Շիրազի գավառում։

Դարձյալ անդրադառնանք մեր պատմության սկզբին։ Քանզի երբ թագավորի հրամանով Ամիրգունա խանը պատրաստվեց տարագրելու Արարատյան երկիրը, իր զորքերից մի զորամաս ուղարկեց Գառնու գավառը, որպեսզի նրանց ևս քոչեցնեն, բերեն խառնեն ժողովրդի չվերթին։ Իսկ գնացած զորքը նախ մտավ նույն Գառնի գյուղը, սրանք թագավորի հրամանի համապատասխան չվարվեցին, այլ իբրև գերեվարիչներ ու ավարառուներ սկսեցին քրիստոնյաների ունեցվածքն ու զավակներին հափշտակել։ Այս տեսնելով՝ գյուղի բնակիչները միմյանց ձայն տվին ու կազմեցին մեծ ամբոխ, ապա սրով, քարով ու փայտով խփեցին, վիրավորեցին, գլխատեցին նրանց ու իրենցից հեռացրին, իսկ իրենք այնտեղ մնացին անհոգ, ինչպես Մորիկի ժամանակներում42, և ոչ մի տեղ չփախան և ոչ էլ գնացին խանին իմացնելու նրա զորքի հափշտակության մասին: Իսկ հալածված զորամասը գնաց Ամիրգունա խանի մոտ, սկսեց ամբաստանել ժողովրդին և մեծամեծ հանցանքներ հերյուրել նրանց վրա։ Սա խիստ բարկությամբ զայրացած իր հետ վերցրեց մեծ զորամաս, եկավ Գառնու գավառը, նախ նույն Գառնի գյուղի տղամարդկանց բռնեց, ենթարկեց խոշտանգումների ու չարչարանքների՝ գանահարությամբ, հոդերի հատումով, և հետո իսկույն տեղահանեց, տվեց իր զորականների ձեռքը, որ սրանց տանեն խառնեն ժողովրդի մեծ չվերթին, որ և տարան խառնեցին ժողովրդի չվերթին, ու սրանք նրանց հետ գնացին պարսից աշխարհը։ Այնտեղ Գառնիում Ամիրգունա խանին ասացին, թե Գառնու գավառում այլ գյուղեր ևս կան, որոնք ամրացել են այս երկրի լեռների ամուր վայրերում, այրերում, քարանձավների ծերպերում։ Եվ հանվանե հիշեցին Հավուց թառի վանքի եպիսկոպոս Մանվելին և Գեղարդի վանքի Աստվածատուր եպիսկոպոսին, թե սրանք մտել են այսինչ այրերը և այնտեղ ամրացել։ Քանզի այս երկու եպիսկոպոսներն էլ երբ լսեցին երկրի տարագրության մասին, հոգացին