143. Շոռոթը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Երնջակ գավառի գյուղերից է։ Երնջակի հարավային սահմանը հասնում Է մինչև Արաքսի ափը: Երնջակը շրջապատված է Գողթն, Ծղուկ, Ճահուկ և Նախիջևան գավառներով: (էջ 279):
144. Այս Նիկոլայոսը մեր եկեղեցու պատմության մեջ հայտնի չարահնար ու չարագյուտ Նիկոլ Թորոսովիչն է, որ կաշառառու Մելքիսեթ կաթողիկոսի ձեռքով հակառակ ժողովրդի կամքի օծվեց եպիսկոպոս։ 1626 թվականին ժողովուրդը նրան դուրս վռնդեց եկեղեցուց, բայց նա գնաց դարձավ կաթոլիկ, դիմեց ճիզվիթներին և սրանց խոստացավ, որ Լեհաստանի բոլոր հայերին կաթոլիկ կդարձնի: Ճիզվիթների օգնությամբ խլեց հայոց բոլոր եկեղեցիները, բռնագրավեց եկեղեցու ողջ հարստությունը, կալվածքները: Ժողովուրդը մնաց առանց եկեղեցու, ստիպված ընդունեց Նիկոլին, իսկ սա աստիճանաբար ողջ հայությանը կաթոլիկ դարձրեց ու լեհացրեց: (էջ 285)։
145. Կամենիցը Կամենեց-Պոդոլսկն է, Ուկրաինական քաղաքներից, որ 1430 թվին գրավել էին լեհերը և պահել մինչև 1793 թ., որից հետո միացավել Է Ռուսաստանին: Այս քաղաքում 16-րդ դարի երկրորդ կեսին մինչև 1200 հայ ընտանիք է ապրել։ Հայերը այնտեղ էին գաղթել Ղրիմից, Մոլդովիայից, Փոքր Ասիայի հայաբնակ վայրերից։ (էջ 287)։
145. Նորընծա կրոնավորը քառասուն օր մեկուսացվում է առանձին, ապա քառասուն օրից հետո հանդիսավորապես դուրս է բերվում, այսինքն՝ քառասունքից հանվում է։ (էջ 288)։
147. Բուրսա, որ ավելի հայտնի է Բրուսա անունով, Փոքր Ասիայի քաղաքներից է, գտնվում է պատմական Բութանիայում։ (էջ 290)։
148. Խարբերդը Արևմտյան Հայաստանի քաղաքներից է։ Խարբերդի վիլայեթի կենտրոնը, իսկ վիլայեթը հյուսիսից սահմանակից էր Էրզրումի (Կարինի), արևելքից Դիարբրեքիրի, հարավից Հալեպի, արևմուտքից Սվազի (Սեբաստիայի) վիլայեթներին։ (էջ 290)։
149. Կեսարիան Կապադովկիայի [Փոքր Ասիայում] կենտրոնական քաղաքն է, որ այժմ Թուրքիայի համանուն վիլայեթում է. կոչվել է նաև Մաժաք, Գայսերի, Կայսերի, Ղայսերի։ (էջ 291)։
150. Մեկ բնություն ասելով միաբնակները [մի բնություն ընդունողները] Քրիստոսի մեջ մարդկայինը և աստվածայինը միասնաբար իբրև մեկ բնություն են ընդունում, երկաբնակները Քրիստոսի մարդկային բնությունը առանձին են համարում, իսկ աստվածայինը առանձին։ (էջ 297)։
151. Եվտիքեն [Եվտիքես] Բյուզանդիայի նշանավոր հոգևորականներից էր, սա այնքան առաջ գնաց, որ աստվածային ու մարդկային բնությունները խառնուրդ համարեց և այս խառնուրդում մարդկային բնությունը այնքան չնչին գտավ, որ ընդունեց, թե մարդկային բնությունը աստվածայինի մեջ ոչնչացավ, ինչպես որ մի կաթիլ մեղրը ծովի մեջ կամ մի շյուղ բոցի մեջ, մինչև իսկ Քրիստոսի մարմնին երկնային ծագում վերագրեց։ Սա ևս համարվեց աղանդավոր և հալածվեց բյուզանդական պաշտոնական եկեղեցու կողմից։ (էջ 297)։
Հայերը իրենց միաբնակ էին համարում, ընդունում էին, որ Քրիստոսի մեջ