Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

248. Խաչենը Մեծ Հայքի Արցախ նահանգի [Ղարաբաղի] գավառներից մեկն է։ (էջ 471)։

249. Վարանդան Մեծ Հայքի Արցախ նահանգի գավառներից մեկն է։ (էջ 471)։

250. Դիզակը Արցախի գավառներից մեկն է, որ կոչվել է նաև Պաղկանք։ Սրա հարավային սահմանը Արաքս գետն է, իսկ հյուսիսային սահմանը Վարանդան։ (էջ 471)։

251. Չարեք գետը պետք է լինի Մեծ Հայքի Արցախ նահանգի Գարդման կամ Փառիոս գավառում։ Այդտեղ է նաև Չարեք բերդը և նույն անունով վանքը։ (էջ 471)։

252. Երևանում եղել է մի մեծ եկեղեցի, որ կոչվել է Երկուերեսի: Թորամանյանի կարծիքով այդ եկեղեցին եղել է Չարենցի այժմյան դպրոցի տեղում, որտեղ գտնվում էր Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Վերջինը շինված է եղել Երկուերեսի տեղում: (էջ 477)։

253. Ծար գավառը կամ Ծարա երկիրը Վակունիք կամ Վայկունիքն է, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի գավառներից է, հետագայում կոչվել է նաև Ջրաբերդ։ (էջ 477)։

254. Վասակաշենը այժմյան Վարդենիսն է (Բասարգեչար] (էջ 477)։

255. Մինչև 363թ. հայերը զատիկը տոնում էին հրեաների հետ. շաբաթվա որևէ օր։ Հիշյալ թվականից հետո հայերը սկսեցին օգտվել Անդրեաս Բյուզանդացու կազմած տոմարական ցուցակներից, որ պատրաստված էր 200 տարվա համար։ 561 թ. Դվինի եկեղեցական ժողովում որոշվեց երկու հարյուր տարին լրանալուց հետո ընդունել հայոց նոր թվականություն 532 տարեշրջանի համար։ Այս 532 տոմարական շրջանը կլորացնելով կոչում էին հինգհարյուրյակ։ Առաջին հինգհարյուրյակը լրանալուց հետո երկրորդը սկսվել է 1084 թ., իսկ երրորդը՝ 1616 թ.։ (էջ 484)։

256. Քաղիրգ հայերը կոչում էին Մահմեդից 8 տարի առաջ եղած արաբական զորավար Խալիդ իբն Վալիդին, որը ավերում է Դամասկոսը և մտնելով Հայաստան ու Պարսկաստան շատ հայեր ու պարսիկներ սրի է քաշում։ Այս է պատճառը, որ հայերը նրա անունը [Խալիդ] ծաղրանքով Քաղիրդ են ասում, որ նշանակում է անասունների թրիքով լցված փորի մեծ պարկ: Այս զորավարի անունով արաբները մի ժամանակ քաղրդականք են կոչվել։ (էջ 484)։

257. «Անձինք նուիրեալք» հոզևոր քերթվածը գրել է Կոմիտաս Կաթողիկոսը 7-րդ դարում։ Քերթվածը վերաբերում է Հռիփսիմյան կույսերին և նրանց նահատակությանը։ Դավթակի «Ողբի» հետ սա մեր անցյալի բանաստեղծության գլուխգործոցներից է։ (էջ 484)։

258. Դվինում կառուցված Սուրբ Սարգիսը այժմ գոյություն չունի։ (էջ 484)։

259. Ըստ «Հայկական Սովետական հանրագիտարանի» տվյալների Ներսեսի 642 թվականին կառուցած այդ վանքը եղել է մատուռ և այժմ գոյություն չունի։ Ներկայիս վանքը նոր է։ (էջ 484)։

260. Մաքենիսը Մաքենացիների վանքն է, որ գտնվում է ՀՍՍՀ Մարտունու