Էջ:Arakel of Tabriz, History.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևից և լեզվից։ Զարպհանալյանը հետևյալն է ասում. «Ոճո կողմանե որչափ ալ գովելի հայրենասիրության մը հորդորամիտ ըրած է զինքն առ այն,— ընտիր լեզու մը ունենալ շատ հեռու կը սեպվի»5։

Դժբախտաբար այսպես է մտածում նաև Ալիշանը։ Նա գրում է. «Եթե և հայաբանությամբ ստորին է, բայց կարգաբանությամբ գովելի և շատ հարգի և պատվական է ծանոթությամբք ԺԷ դարու սկզբեն մինչև ի կեսն ավելի անգին, այն ժամանակից քաղաքական մեծ դիպաց նկատմամբ»6։

Դժգոհությունը եթե միայն վերաբերեր օտար արևելյան բառերի գործածությանը, այսօրվա տեսակետով արդարանալի կլիներ, սակայն վերապահությունը ընդհանրապես լեզվի մասին է, որը մեր կարծիքով ոչ միայն պարզ, դյուրամատչելի գրաբար է, այլև այդ դարում, երբ լատինաբանության վտանգ կար և խրթնաբանությունը համարվում էր արվեստ ու հմտություն, Դավրիժեցու պարզ ու անպաճույճ լեզուն վերածննդի դրսևորում է։ Եթե նա չլիներ կրոնամոլ, սնահավատ, նրա պատմությունը լեզվական և մանավանդ ազգային ըմբռնումների առումով վերազարթի շատ տարրեր կունենար։

Ամենախիստը Մանուկ Աբեղյանն է արտահայտվել։ Նա գտնում է, որ պատմության մեջ շատ կրկնություններ ու ավելորդաբանություններ կան։ Ըստ Աբեղյանի, Դավրիժեցին իր աղբյուրները չի կարողանում մշակել, ինչպես լսել է զանազան մարդկանցից, այդպես էլ շարադրել է, ուստի և այն զանազան զրույցների անմշակ ժողովածու է։ Աբեղյանը շատ կտորներ համեմատում է իրար հետ կապ չունեցող անկախ զրույցներ. օրինակ, անկախ զրույցներ են բազմաթիվ նահատակությունները, վկայաբանությունները ջալալիների Շահ-Աբասի մասին պատմածները, և առհասարակ՝ բոլոր պատմությունները:

Եթե այսպես դատենք, ապա մեր ողջ պատմագրությունը զրույցների գրքեր պետք է համարենք, որովհետև իրարից անկախ նման նյութեր բոլոր պատմիչների մոտ էլ կգտնենք։ Դավրիժեցին գուցե չի հասցրել իսկապես այդ նյութերի մեջ շարադրման ու բովանդակության կապ ստեղծել, իսկ Շահ-Աբասի ողջ պատմությունը և նրա հետևողական քաղաքականությունը նա տալիս է իսկական պատմիչի հմտությամբ՝ բոլոր մասերը կապելով իրար և բխեցնելով մեկը մյուսից։ Նա ճիշտ է վարվել, որ Շահ-Աբասի պատմությունը հաճախ ընդմիջարկել է, որովհետև նրա գիրքը մեկ դարի պատմությունն էր, և այդ պատմությունը վերաբերում էր հայ ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներին՝ կրոնին, եկեղեցուն, նահատակներին, կոտորածներին ու գաղթերին, մշակույթին, պատմական ու եկեղեցական գործիչներին և այլն։ Այս բոլոր հարցերն այս կամ այն չափով Առաքելի պատմության նյութ են դարձել։ Ճիշտ է, թարգմանության ընթացքում մենք ևս զգացել ենք նահատակությունների պատմության որոշ ավելորդությունը, բայց դա մեր այսօրվա ըմբռնումով։ Երեք հարյուր տարի առաջ դրանք խոշոր իրադարձություններ էին համարվում և չէին

__________

5. Ալիշան Ղ,., Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 131։

6. Զարպհանալյան Գ., նշվ. աշխ. էջ 178։

7. Մանուկ Աբեղյան, Երևան, 1970, էջ 524։

7