Էջ:Arakel of Tabriz, History.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, բայց վշտագին ցավով ինչպես ծննդկան կին պաղատագին երկունքով մի տեղում դուլ ու դադար չէր առնում, այլ խռովված սրտով նայում ու դիտում էր կռվող զորքերի ճանապարհները, թե գուցե գտնվի մեկը, որ գալով բարի լուր բերի իրեն, բայց այդպիսին չկար։

Զորահրամանատարին մոտիկ կանգնած էր մեծ պարոն քուրդ Միրշարաֆը, որին նախապես հիշատակեցինք․ և սա հոգում հասկացավ, որ զորահրամանատարի կողմը պարտվեց, այդ պատճառով էլ լուր չեկավ։ Եվ ջանում ու հնարներ էր մտածում, որ մի ինչ-որ կերպով հեռանա զորահրամանատարից, գուցե թե կարողանա փախչել։

Եվ սկսեց զորահրամանատարին կեղծավոր խոսքերով ու կեղծ գթասրտությամբ ասել. «Խնդրում եմ քո վեհ իշխանությունից, որպեսզի ինձ ևս հրաման տաս ճակատամարտի մեջ մտնել, որ գուցե թե ճակատամարտում պատահեմ շահին»։ Շատ խնդրելուց հետո Ջղալօղլին հրամայեց գնալ։ Իսկ Միրշարաֆը, երբ հեռացավ բանակից, երեսը դարձրեց դեպ իր երկիրը, ուր և անդարձ գնաց։

Իսկ պարսից զորքը հաղթեց օսմանցիներին ու փախուստի մատնեց դեպի օսմանցիների բանակը, իսկ [պարսիկները] հետապնդելով, կոտորելով (օսմանցիներին) տարան լցրին բուն բանակի մեջ, որտեղ մտան նաև պարսիկները ու կոտորեցին օսմանցիներին։ Իսկ Ղառչդա խանը, գնալով զորահրամանատարի վրանի մոտ, թրով զարկեց, կտրատեց զորահրամանատարի վրանը և միջով անցավ գնաց ոչ ոք չկարողացավ դուրս գալ նրա դեմ։ Մինչև երեկո չդադարեց արյունահեղ գործը․ ոմանց կոտորեցին, ոմանց փախցրին, ոմանց բռնեցին ու տարան շահի առջև․ քանզի ասում էին, թե երեսունչորս անվանի իշխաններ են բռնված եղել՝ փաշա, քեհիա (հազարապետ), ղուլար աղասի55, սանջախ բեկ [կուսակալ] և շատ ուրիշներ։

Ըստ ասվածի, երբ գործը իր ավարտին հասավ, և Ջղալօղլին տեսավ, որ իր զորքերը պարտվեցին ու մյուս անգամ չի կարող զորք կազմել ու պատերազմել․ նաև իր մնացած զորքերը գաղտագողի ետ էին փախչում։ Մտատանջության մեջ ընկավ, թե գուցե ինքն էլ բռնվի պարսիկների ձեռքով․ մտածեց, որ նորից դառնա Վան քաղաքը։ Այդ գիշեր ելնելով