Էջ:Arakel of Tabriz, History.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հետ։ Բայց նրանք չեն զուգավորվում, այլ երկուսն էլ կույս են մնում՝ Լավասափն էլ, աղջիկն էլ։ Այս գործը թեպետ որոշ ժամանակ ծածուկ մնաց, բայց հետո հայտնի դարձավ ըստ տիրոջ այն խոսքի, թե չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա[1]: Այս լուրը հետո ընկավ նաև գավառապետի ականջը։ Նաև նրանք, որ նախանձախնդիր էին ու ոխակալ գավառապետի հանդեպ՝ չարիքի զավակներ ու խռովություններ հրահրողներ, այս բանը հիշեցին գավառապետի ներկայությամբ և երեսծեծանք արին նրա համար։ Գավառապետը այս պատճառով հոգու խորքում վշտացավ և թախծոտ սրտով իր համար մահ էր որոնում, բայց չէր գտնում։ Երկար ժամանակվա ծածուկ տրտունջներից հետո գավառապետը տրտնջում էր բացահայտ ու համարձակ, բոլորի հետ խոսում էր և ասում. «Ես սպանելու եմ Լավասափին, քանզի չեմ կարող տանել այսպիսի նախատինք, որ ասում են իմ երեսին, որովհետև ամոթալից առակ դարձա աշխարհի մեջ»: Իսկ Լավասափ թագավորի իշխաններն ու մտերիմները, երբ լսում էին գավառապետի խոսքերը, վախենալով խուսափում էին նրանից, քանզի գիտեին, որ նա կարող է գործով անել այն, ինչ խոսքով ասում է։ Այդ պատճառով հարմար ու պատշաճ ժամանակ ողոքով ու աղաչանքով խնդրում էին Լավասափին հեռու մնալ այդպիսի գործից, որ բնավ չի վայելում թագավորական անունին։ Նաև գավառապետի սպառնական խոսքերը միգուցե գործնականում իրականանան։ Եվ իր բարեկամների բազում թախանձանքներին ունկնդիր Լավասափը ասաց. «Չեմ կարող այն կույսից հեռանալ, քանզի ես հոգուս չափ սիրում եմ նրան, բայց քանի որ այդպես եք ասում և գիտեք իսկ, որ ես կին չեմ առել։ Այն կույսն էլ՝ մարդ. արդ օրինավոր կարգով նրան ինձ կին խոսեցեք և նշան դրեք, որպեսզի հարսանիք անենք, և ձեր տրտունջները կվերանան»: Լավասափի այս խոսքը հաճելի եղավ բոլոր իշխաններին, նաև հենց գավառապետին։ Եվ ուրախանալով փառք էին տալիս աստծուն, որ խռովությունը մեջտեղից վերացավ։ Եվ այն խոսքով այն աղջկան նշան դրին Լավասափի կնության համար։ Իսկ աղջկա եղբայր գավառապետը շատ ուրախացավ

  1. Մատթ. Ժ 20