Էջ:Arakel of Tabriz, History.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքը գավառապետի թելադրությամբ ու թշնամությամբ դավաճանություն էր, ոչ իրենց գնալը, ոչ էլ աղջկան տալը կամեցան. քանզի Լավասափին մայրը գրեց. «Այն ժամանակ, երբ դու Երևան քաղաքում պատերազմի մեջ էիր, մեզ կանչեցիր քեզ մոտ բարեկամության պատճառաբանությամբ, և մենք անկեղծ սրտով իբրև ճշմարիտ բարեկամ և թագավոր եկանք քեզ մոտ, բայց դու թշնամու գործ արիր մեր նկատմամբ, քանզի թույնով իմ ամուսնուն սպանեցիր ու ինձ խայտառակեցիր։ Արդ՝ մենք, որ այդպիսի գործեր տեսանք քեզնից, ինչպե՞ս վստահենք երկրորդ անգամ գալ քեզ մոտ։ Արդ՝ եթե ստույգ կերպով մեր հաստատությունն ու հանգիստն ես կամենում, ինչպես գրել ես, մի նեղիր մեզ և խռովելով մի վրդովիր մեր խաղաղությունը, այլ մեզ թող խաղաղության մեջ մնալ, որովհետև մեր այս փոքրիկ իշխանությունը բավական է մեր պետքերի ու կարիքների համար. ողջ եղիր»։

Այս պատասխանը հասավ Շահ-Աբասին, երբ նա Սպահանում էր, որտեղ ինքն ու գավառապետը մշտապես մտորում էին վրաց երկրի ավերման ու նրանց թագավորության անկման մասին: Այն պատգամը, որ նախապես շահը գրեց, երկու-երեք անգամ կրկնեց ու ուղարկեց Լավասափին ու նրա մորը, որպեսզի թերևս Լավասափին կամ մորը, կամ քրոջը իր ձեռքը գցի, բայց չկարողացավ։

Պատգամների երեք անգամ գնալ–գալուց հետո, երբ չեկան, այն ժամանակ շահը իր երեսը դարձրեց դեպ Վրաստան։ Ժողովեց իր զորքերը, Սպահանից շարժեց՝ իր հետ ունենալով չարիքների խրատատու աշխարհավեր գավառապետին։ Եվ ելնելով Սպահանից դանդաղ ու հանդարտ ընթացքով հասան մինչև Ղարաբաղ երկիրը՝ Գանձակ քաղաքը։ Այնտեղ տեղավորվելով ամռանը մնացին։ Շահը գավառասպետին ասաց. «Արդ՝ շատ ժամանակ վրա անցավ, ե՞րբ կլինի, որ մեզ տանես Վրաստան»։ Գավառապետը պատասխանելով ասաց. «Դեռևս համբերիր, որովհետև այժմ էլ ժամանակը չէ, երբ ժամանակը գա, ես ինքս կհիշեցնեմ քեզ այնտեղ գնալու»։ Եվ գավառապետը այս ասում էր այն պատճառով, թե ժամանակը չէ, որպեսզի ամառն անցնի, ձմեռը վրա հասնի, և մայրի ծառերը տերևաթափ լինեն, որ դյուրին լինի պարսից զորքերի համար ձիանքով խաղաղ