Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1022

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարգացել են կիրառ. արվ-ի ավանդ․ ճյուղերը՝ բրուտագործությունը, մետաղի գեղարվեստական մշակումը, ասեղնագործությունը և այլն։ Դեկորատիվ արվ-ի բարձրակարգ նմուշներ էին ասեղնագործ վարագույրները. օգտագործել են ոսկե, արծաթե թելեր, գոհար, մարգարիտ և այլ քարեր։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին հիացմունքով է նկարագրել Վախթանգ իշխանի կնոջ՝ Արզու Խաթունի ձեռագործները։ Ստեղծվել են նաև կենցաղային իրեր՝ գավաթներ, սափորներ, սկուտեղներ, մոմակալներ և այլն։ Առավել տարածված էր իրերի (շքեղ ճարմանդներով արծաթե, երբեմն՝ ոսկեզօծ գոտիներ, թասակներ, կանանց տարազներ և այլն) մակերեսների մանրազարդումը հատկապես վերադիր ուռուցիկ ու սևադապատ սալիկներով (երկրաչափ., բուս․ զարդանախշեր)՝ ագուցված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով։

Դեկորատիվ-կիրառ. արվ-ի եզակի նմուշ է նաև Հասան-Ջալալի դաշույնի նեֆրիտե երախակալը (բռնակ)՝ բուս․ նուրբ նախշազարդերով (Էրմիտաժ, Ս. Պետերբուրգ)։

Նոր ժամանակների հայ կերպարվ-ում մեծ ներդրում ունեն Ղարաբաղում ծնված քանդակագործներ Հակոբ Գյուրջյանը, Սարգիս Բաղդասարյանը, գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը։

ԼՂՀ-ում ապրում ու ստեղծագործում են 3 տասնյակից ավելի նկարիչներ, քանդակագործներ, ժողովրդական արվ-ի բազմաթիվ վարպետներ։ 1988-ին ստեղծվել է ԽՍՀՄ նկարիչների միության մարզային բաժանմունքը (այժմ՝ Արցախի նկարիչների միություն), որն ստեղծագործ․ կապեր ունի ՀՆՄ-ի հետ։ 2006-ին ստեղծվել է նաև «ԳԱՄ-արտ» Արցախի նկարիչների միջազգ. միությունը։ ԼՂՀ-ում, ՀՀ-ում և արտերկրում պարբերաբար կազմակերպվում են արցախցի, Ղարաբաղում՝ օտարազգի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ Արցախի նկարիչների գործերում առանձնանում է Ղարաբաղյան շարժման թեման։

Ճանաչված են գեղանկարիչներ Ռուբեն Գաբրիելյանը («Արցախի Պրոմեթևսը», 1988, «Արցախցիներ», 1993, և այլն), Լիանա Քոչարյանը («Մեղեդի», 1992, «Բլոկադա կամ Տառապած Արցախ»), Հրանտ Մնացականյանը («Գանձասար», 1992, «Լուսաբաց», 2000, և այլն), Սասուն Ղալայանցը («Միլենիում», 1993, «Սպասում», 1998, և այլն), Առնոլդ Մելիքսեթյանը («Շուշի», «Թունել», երկուսն էլ՝ 1995, և այլն), Սամվել Գաբրիելյանը («Հովեկներ», 1999, «Պար իրիկնամուտին», 2000, և այլն), Սերգեյ Առստամյանը («Հայեր, միացեք», «Մայրություն», երկուսն էլ՝ 1989, և այլն), Ռաֆայել Պետրոսյանը («Մեկ ազգ, մեկ հավատ», 1997, «Փողոց Ստեփանակերտում», 2000, և այլն), Գևորգ Սարգսյանը («Հին բակ», 2003, «Սպասում», 2009), Արտակ Պողոսյանը («Քրոնավանք», 2008, «Ճակատագիր», 2010, վերջին չորսը մասնակցել են Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմ․ գործողություններին), քանդակագործներ Լավրենտ Ղալայանը («Այա», 1970, «Կժով աղջիկը», 1973, և այլն), Յուրի Հովհաննիսյանը («Թավջութակահարուհին», 1985, «Հաղթանակի հրեշտակը» և այլն), Արմեն Հակոբյանը («Երեք դիմակ», 1983, «Աղաղակողը», 1989, և այլն), Սերգեյ Առստամյան. «Նատյուրմորտ մրգերով» (2004), Ռոբերտ Ասկարյանը («Հույս, սեր, հավատ», 1997, «Խաչը կրողը», 2000, և այլն), Ալբերտ Հարությունյանը («Նելսոն Ստեփանյան», «Իսրայել Օրի» և այլն), Ալբերտ Սարգսյանը («Մուսա», 1996, «Ընտանիք», 1997, մասնակցել է Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմ․ գործողություններին), թատեր. նկարիչներ Գրիգոր Ծատուրյանը, Սամվել Հովհաննիսյանը և ուրիշներ։

Նշանավոր հուշարձաններից են Ս. Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967), որը Ղարաբաղյան շարժման սկզբից դարձել է Արցախի ազատության խորհրդանիշը, Ա. Հակոբյանի Սպիտակի երկրաշարժի (1989) և Սումգայիթի ցեղասպանության (1990) զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները։

Գրկ. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտ. հուշարձանները, Ե., 1985։ Նույնի, Արցախի գանձերը, Ե., 2000։ Հակոբյան Հ., Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը XIII-XIV դդ., Ե., 1989։ Նույնի, Արցախի միջնադարյան արվեստը, Ե., 1991։ Թաթիկյան Վ., Արցախի տոհմագորգերը, Ե., 2004։